
Ճշգրտումներ՝ ՀԷՑ ներդրումային ծրագրում. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԾԿՀ-ն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների հատվածի ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին: Համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2016-2027 թվականների ընթացքում կիրականացնի շուրջ 350 միլիարդ դրամի ներդրումներ՝ առանց ավելացված արժեքի հարկի:
Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 6(10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների ամբողջական փոխարինում և արդիականացում, 35 – 0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում և արդիականացում, այդ թվում երկրորդային էլեկտրամատակարարման ապահովում, ցանցի ընդլայնում և նոր բաժանորդների միացում, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում և կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում: Արդյունքում կկրճատվեն ընկերության ծախսերը, կորուստները կհամապատասխանեցվեն Եվրոպական ընդունված չափանիշներին, գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները:
Որոշումները՝ հանձնաժողովի www.psrc.am ինտերնետային կայքում: