«Վիգեն Սարգսյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում եղել է կատարող. այս օրենքի նախագիծը նրա PR-ի համար է». Ալեն Սիմոնյան
Կրթության փորձագետ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը կողմ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության գաղափարախոսությանն ու տրամաբանությանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ, եթե 1997թ. այս օրենքի նախագիծն անցներ, ապա այսօր ավելորդ ժամանակ չէինք կորցնի դրա վրա. «Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի, հետո իր կյանքի ընթացքը որոշի։ Ասում են՝ գիտությունը կտուժի. ժողովուրդ, մինչև այսօր տարկետումը կար, ու գիտություն չկա։ Ինչո՞ւ գիտությունը չի զարգանում, որովհետև դա կախված չէ նրանից՝ տղան դպրոցից հետո ծառայո՞ւմ է, հետո է բուհ ընդունվում, սովորո՞ւմ է, թե՞ հետո է ծառայում, ուղղակի գիտության նկատմամբ կա չափազանց անհարգալից և նվաստացնող ֆինանսավորում՝ մեր կառավարության կողմից»։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով` այս օրենքի նախագիծը Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց իր իսկ PR-ի համար. «Վիգեն Սարգսյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում եղել է կատարող, նա որևէ անհատական գործունեությամբ չի զբաղվել։ Բայց որպես քաղաքական գործիչ՝ անհաջող սկիզբ է ընտրել, որովհետև իր գործունեությունը ես շատ բացասական եմ գնահատում և չեմ կարծում, որ նման կերպ շարունակելն իր համար՝ որպես քաղաքական գործիչ, լավ ապագա է խոստանում»։
Սիմոնյանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ բանակի հետ կապ ունի, փորձում է դառնալ բանակի մաս, բայց, ըստ նրա՝ այդպես բանակի մաս չեն դառնում. «Վիգեն Սարգսյանին գեներալիտետը չի սիրում և չի սիրելու։ Նա դրսից բերված օտար մարմին է բանակում»։
Անահիտ Բախշյանը նկատեց. «Ալեն, քեզ էլ չեն սիրի այնտեղ, որովհետև գրագետ ես, կրթված ես»։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրեն սիրում են, ինքը ծառայել է բանակում, իսկ Անահիտ Բախշյանը հակադարձեց՝ Հոկտեմբերյանի զորամասում։
Անահիտ Բախշյանն առաջարկում է, որ ՊՆ-ն հրապարակի բոլոր պաշտոնյաների ու օլիգարխների տղաների ցուցակը, որ մյուս տարի պետք է գնան ծառայելու. «Ես կգնամ կստուգեմ՝ ծառայո՞ւմ են, թե՞ ոչ»։