Ռիադի «չափավորականության» թուրքական մեկնաբանումը

Ներսաուդյան իրադարձությունները, Լիբանանի վարչապետի Ռիադ կանչվելն ու այնտեղից հնչած հանկարծակի հրաժարականով Լիբանանում ստեղծված իրավիճակը, ստացել են ո՛չ միայն շրջանային, այլ նաեւ միջազգային հնչեղություն: Բացի այն իրողությունից, որ այս նյութերի մասին մեկնաբանական լրատվություններն արդեն օրեր ի վեր զբաղեցնում են համաշխարհային լրատվամիջոցների լուրերի առաջին հորիզոնականները, մեկ առ մեկ գերտերությունների ներկայացուցիչները ստեղծված ճգնաժամի շուտափույթ լուծման առաջադրանքն են շեշտում, հիմնականում գոնե դեկլարատիվ մակարդակի վրա զորակցություն հայտնելով Լիբանանի պետությանը: Հայտարարությունների այս արշավից անմասն չպիտի մնար նաեւ Թուրքիայի նախագահը, որը բառերի զգուշավոր օգտագործմամբ նմանատիպ համահունչ հայտարարություն կատարեց` հեռախոսային կապ հաստատելով Լիբանանի հանրապետության նախագահի հետ:

Ընդամենը մի օր առաջ սակայն, երբ դեռ միջազգային արձագանքումների ալիքը չէր բարձրացել, Թուրքիայի նախագահը ընկղմող խուսանավում կատարեց` հարցի կիզակետից հեռացնելով ուշադրությունը Ռիադը քննադատության թիրախ դարձնելու էժան քարոզչական գործողությամբ :

Այսպես: Նա երկու օր առաջ քննադատեց Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ Բըն Սալմանի վերջերս ուղղած` Սաուդյան Արաբիան «չափավորական իսլամության» օրրան դարձնելու կոչը` այն նկատելով Արեւմուտքի արտադրությունը: Այս հղացքի առարկայացման համար իբրեւ օրինակ Էրդողանը կենտրոնացել է Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենա վարելու արտոնության երեւույթի վրա:

Այժմ մտաբերել, թե աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած ներսաուդյան իրադարձությունների ամենաթեժ պահին, Թուրքիայի նախագահը իբրեւ թե պաշտոնական Ռիադն է քննադատում, կտրուկ շեղումնային անցում կատարելով այլ հարցի, որը տեսքով կենցաղային-ընկերային խնդիր է. համենայն դեպս չափավորականության հասկացության արծարծման յուրովի մեկնաբանություն տալով, խորքի մեջ Էրդողանը թե՛ քննադատում է Ռիադը, թե՛ շրջանցում հիմնական հարցը:

Այս խուսանավումը նավարկելու շատ տեղ չունի եւ խորքի մեջ սուզվելու կամ ավելի ճիշտ շատ արագ ընկղմելու մատնվել է:

Տակավին. կրկնակի իմաստ ունի չափավորականություն հասկացության յուրովի մեկնաբանումը այս դեպքում: Չափավորական իսլամություն եզրաբանությունը Արեւմուտքին վերագրելով` Էրդողանն այս որակման օգտագործման դեմ է արտահայտվում: Ավելի ճիշտ, անուղղակիորեն ուրվագծում է նախաբանը, որն ի վերջո ուզում է փոխանցել, թե ներսաուդյան փոփոխությունները ներշնչվել են Արեւմուտքից: Այս հայտարարությունը թվում է հաշվի առած լինել Թեհրանի մոտեցումը:

Բայց ահա անմիջապես շեղումը. չափավորականությունը, որ այս դեպքում քաղաքական նոր գործընթացների զսպանակող մեկնարկի դեր ստանձնելու նախադրյալներ է փոխանցում, իր բացատրությամբ կապվում է ինքնաշարժ վարելու արտոնությանը:

Թափանցիկություն, ժողովրդավարացում, հակակոռուպցիոն արշավ, մարդու իրավունքներ, հակաահաբեկչական պայքար եւ նմանօրինակ անառարկելի կարգախոսներն այսօր հիմնովին ծառայում են աշխարհաքաղաքական ծրագրերի կիրառման համար հարթիչ գլան բանեցնելու շղարշներ ապահովելուն: Թվում է, որ չափավորական իսլամությունը նոր կարգախոսով տարածաշրջանում կացություններ ստեղծելուն պիտի ծառայի: Սա` իր հերթին:

Մանրադիտակի տակ այս դեպքում պետք է տեղադրել Մոսկվա-Թեհրան առանցքի հետ հաշվի նստող, Ռիադն ու Արեւմուտքը քննադատող, բայց հիմնական իրադարձությունների մասին գնահատական տալուց խուսափելու Անկարայի ղեկավարի ձախողված խուսանավումը: Այս գործընթացները , թվում է, որ երկարատեւ կլինեն, եւ Թուրքիայի նախագահը Ռիադի չափավորականությունը քննադատելու համար կենցաղային այլ օրինակներ պետք է որոնի:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս