
Մարադոնան ուզում է նորից գլխավորել Արգենտինայի հավաքականը

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ուզում է նորից գլխավորել իր երկրի ազգային թիմը:
Արգենտինացիների՝ Նիգերիայից կրած պարտությունից հետո՝ 2:4, Մարադոնան Ինստագրամի իր էջում հրապարակում է կատարել, որի հետ ներկայացրել է նաև Արգենտինայի հավաքականի բոլոր մարզիչների արդյունքների աղյուսակը: Աղյուսակից հետևում է, որ Արգենտինայի հավաքականի բոլոր մարզիչների միջից հենց Մարադոնան ունի հաղթանակների ամենալավ տոկոսը (75):
«Ո՞վ է ամենաշատ հաղթանակները տարել: Եկեք եզրակացություններ անենք: Ես վրդովված եմ, որովհետև նրանք բաժանում են մեր հեղինակությունը: Բայց տղաները մեղավոր չեն: Ես ուզում եմ վերադառնալ»,- գրել է Մարադոնան: Դիեգո Մարադոնան մարզել է Արգենտինայի հավաքականը 2008-2010թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը