The Institute for Economics and Peace-ն ահաբեկչության զոհերի թվի նվազում է արձանագրել
2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 13 տոկոսով եւ հասել երկամյա նվազագույնին: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), որը Լոնդոնում ներկայացրել է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցը, որտեղ վերլուծվում է իրադրությունն աշխարհի 163 երկրներում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ անցյալ տարի ամբողջ աշխարհում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով զոհվել է 25 հազար 673 մարդ 77 երկրներում. դա 22 տոկոսով պակաս է, քան 2014 թվականի ռեկորդային ցուցանիշը, երբ ահաբեկիչների գործողությունների պատճառով կյանքից զրկվեց ավելի քան 32,6 հազար մարդ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում ավելի քան 9,1 հազար մարդու մահվան համար, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2015 թվականին:
Ահաբեկչական սպառնալիքի տեսակետից ամենավտանգավոր երկրների ցուցակը գլխավորում են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը եւ Եմենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: