Զիմբաբվեում զինվորականները կալանքի տակ են վերցրել երկրի ֆինանսների նախարարին. Reuters
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի մի աղբյուրի:
Գործակալության տվյալներով՝ Չոմբոն երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուղաբե Գրեյսի զինակիցն է: Իսկ վերջինս նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվուի հիմնական քաղաքական մրցակիցն է, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին դրդել է վճռական գործողությունների:
Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ մի խումբ զինվորականներ Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարայում հսկողության տակ են վերցրել երկրի հեռուստահաղորդումների պետական կորպորացիայի շենքը: Զինվորականները նաեւ գրավել են քաղաքի կենտրոնը, որտեղ լսվել են պայթյուններ: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն է»: Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստ է միջամտել, որպեսզի վերջ դնի Մնանգագվուի կողմնակիցների հալածանքներին, որը, ինչպես համարվում է, փոխարինելու է Մուղաբեին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: