
Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկություններ են կատարվել

Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դերասանի կնոջ ներկայացուցիչն ինքը՝ Իրինա Մազուրը:
«Խուզարկություններ են կատարվել… (Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա) Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրը եւ նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ համերգների եւ ներկայացումների՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի տեսագրությունները»,- ասել է Մազուրը:
Նա նաեւ հավելել է, որ խուզարկության ժամանակ իրենից առգրավվել է Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինն իրեն պահ էր տվել, երբ մեկնել էր Վրաստան: «Խուզարկության ժամանակ ինձնից առգրավել են լիազորագիրը, ինչը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային զրկում է պաշտպանության իրավունքից»,- հայտնել է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով՝ կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ:
Իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունը ՌԻԱ Նովոստին առայժմ չունի:
Լուսանկարը` ТАСС