
Իտալիայում 850 գրամ գետնասունկն աճուրդում վաճառել են 75 000 եվրոյով

Իտալիայում մեկ կիլոգրամից պակաս գետնասունկն աճուրդում վաճառվել է 75 հազար եվրոյով: Այդ մասին հաղորդվում է Գրինցանե-Կավուր դղյակի կայքում, որտեղ նոյեմբերի 12-ին անցկացվել են Asta Mondiale del Tartufo Bianco d՚Alba-ի աճուրդները:
850 գրամ քաշով սնկերի լոտի երջանիկ տերը դարձել է Հոնկոնգից ֆինանսիստ Յուջին Ֆունգը, որն աճուրդին մասնակցել է արբանյակային կապով:
Ընդամենը աճուրդի էր դրվել տրյուֆելների տասը լոտ: Սակարկություններից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 370 հազար դոլար: «Չնայած տարին դժվարին էր, բայց մենք աճուրդում ներկայացրեցինք գերազանց որակի տեղական շատ գետնասնկեր, որոնք գնահատվել են գնորդների մրցակցող հարթակների կողմից»,-հայտարարել է Տոմազո Ձանոլետին՝ աճուրդի կազմակերպիչներից մեկը: Նա հավելել է, որ «ստացված միջոցների մի մասը հատկացվել է բարեգործությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: