
«Սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից». Սոցապ նախարարի պարզաբանումը

«Մեծ թվով ահազանգեր ենք ստանում այն մասին, որ սոցիալական ծառայությունները նպաստ նշանակելու համար որոշակի գումարներ են վերցնում ընտանիքներից. նախարարությունում նման ահազանգեր ստացվո՞ւմ են, արդյոք բացահայտվե՞լ են նման դեպքերը»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախարարը նախ՝ ասաց, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրն իրավապահ մարմինների գործառույթ է. «Ձեր նշած ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնելու համար աշխատում ենք տեղեկատվությունը հնարավորինս կիրառելի դարձնել մեր ոլորտում գործող մարմինների համար»:
Խոսելով ահազանգեր ստանալու մասին՝ նախարարն ասաց, որ իրենք ստանում են նման ահազանգեր.
«Այո, քաղաքացիներից ահազանգեր եղել են, նաև մենք ունեցել ենք մամուլի հաղորդագրությունների հիման վրա այցելություններ կոնկրետ տարածքներ և ուսումնասիրություններ ենք արել, ու, եթե քաղաքացին կամ առկա տեղեկատվությունը հիմք է հանդիսացել՝ իրավապահ մարմիններին դիմելու, դա արվել է, իսկ որպես կանոն՝ քաղաքացիներն իրենց գրավոր տեղեկատվությունը մերժում են կամ չեն հաստատում, որ իրենք տեսուչի հետ որևէ հարաբերությունների մեջ են եղել»: