Ինչո՞ւ են «Ծառուկյան» խմբակցության անդամները քննադատության սլաքներն ուղղում Կարեն Կարապետյանի դեմ
«Մենք առհասարակ երևույթներին կանդրադարձանք, ընդ որում` այդ երևույթներին անձամբ ես անդրադարձել եմ ադեն 7-րդ անգամ: Փոքր, միջին ու շատ փոքր ձեռնարակատերերն արդեն 7-րդ անգամ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում, այսօր գրություններով հանդես են եկել 3000-ից ավելի ձեռնակատերեր, իսկ կառավարությունն անհամարժեք պատասխաններ է տալիս: Դրա փոխարեն ստուգումներն են ավելացրել, ստուգողներն էլ ոչ միայն չեն ներկայանում՝ իրենք ովքեր են, այլև մտնում են քաղաքացու պայուսակի մեջ, ավտոմեքենաների բեռնախցերն են ստուգում: Սա ստուգո՞ւմ է, թե՞ խուզարկություն: Եկեք այս տարբերությունը հասկանանք»,- այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` մեկնաբանելով ԱԺ հերթական նիստի սկզբում իր խմբակիցների քննադատության սլաքները վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ ուղղելու հանգամանքը:
Մեր հարցին` դիտավորությո՞ւն կա կառավարության քայլերում, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում տասնյակ ձեռնարկություններ, ԱՁ-ներ արդեն փակվել են:
Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը խոստանում է, որ լավ կլինի, բարեփոխումներ են իրականացնում, պատգամավորը հակադարձեց. «Ոչ, ի՞նչը լավ կլինի: Մենք հետևում ենք այդ խոսքերին և իրականությունն էլ ենք լավ տեսնում, դրա համար էլ ահազանգում ենք»:
Վ. Էնֆիաջյանի խոսքով` իրականությունը չի համապատասխանում Կարեն Կարապետյանի խոսքերին. «Արդեն 7-րդ անգամ են մարդիկ հավաքվում, ի՞նչն է խնդիրը, որ մեր հարևան խմբակցության ներկայացուցիչները չեն հանդիպում այդ քաղաքացիների հետ»:
Թե ի՞նչն է խնդիրը, Էնֆիաջյանը նշեց, որ այդ հարցին նրանք պետք է պատասխանեն.
«Իսկ մենք հետևողական ենք լինելու: Բյուջեն լցնելու լավ ճանապարհ չեն ընտրել: Մենք էլ կոնկրետ մատնանաշում ենք` որտեղից կարող են բյուջե լցնել»: