
ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև է ընդունել Օլիմպիադայի ընթացքում զինադադարի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կայքում:
«Միայն ՄԱԿ-ի անդամ պետությունները կարող են մարզիկներին անվտանգություն երաշխավորել Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բանաձեւի ընունումից հետո: Զինադադարի շուրջը փոխհամաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջեւ երկժամյա քննարկումից հետո:
Այն վերաբերում է Հարավային եւ Հյուսիսային Կորեային, ինչպես նաեւ Օլիմպիադայի ապագա տանտեր-երկրներին՝ Ճապոնիային, Չինաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին:
ՄՕԿ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ բանաձեւը բոլոր ազգերին խաղաղությունը պահպանելու կոչ է անում Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիական խաղերի ավարտից մեկ շաբաթ հետո: Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի՝ 2018 թվականի փետրվարի 9-ից մինչեւ 25-ը Փյոնչհանում (Հարավային Կորեա), Պարալիմպիադան՝ մարտի 8-ից մինչեւ 18-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: