
«Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն». Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ նախագահները դեմառդեմ զրուցել են երկու-երկուսուկես ժամ: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որոնց մասնակցել են պատվիրակությունները: Բանակցությունները, Պեսկովի խոսքով, բարդ էին, դրանց մանրամասները հրապարակման ենթակա չեն:
Նա այդպես է պատասխանել Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ հարցին, որը կոչ էր արել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերել Սիրիայից: Պուտինը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, ընդգծել է, որ երկխոսությունն արդյունավետ էր: Նա հայտնել է Թուրքիայից մի ամբողջ շարք մթերքների ներկրումը վերսկսելու որոշման մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ երկու երկրների համագործակցության մակարդակը գործնականում վերականգնված է, երկկողմ առեւտրի ծավալը մեծացել է 36 տոկոսով: