Անքնությունը հանգիստ չի՞ տալիս. կարդացեք սա

Լիարժեք քունը թե ֆիզիկական, թե հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա՝ ինչու է հարկավոր քայլեր ձեռնարկել անքնության դեմ։

Steptohealth.ru-ն գրում է, որ սննդամթերքի մի խումբ կարող է բավական արդյունավետ լինել անքնության դեմ պայքարում։ Դրանց պարբերական օգտագործումը թուլացնում է մկանների լարվածությունը և նպաստում քնի որակի լավացմանը։

Տաք կաթ։ Մեկ բաժակ տաք կաթն անքնության դեմ պայքարում լավագույն բնական միջոցներից է։ Կաթն օրգանիզմն ապահովում է հանգստացնող և քունը խթանող նյութերով։ Կաթը մեծ քանակով տրիպտոֆան է պարունակում՝ անփոխարինելի հակաօքսիդանտ, որը հարկավոր է մելատոնինի և սերոտոնինի արտադրության համար՝ երկու կարևոր նյութեր՝ քնի կայուն ցիկլի համար։

Կարդացեք նաև

Ընդեղեն։ Ընդեղենը մեծ քանակով կալորիաներ և առողջ ճարպեր է պարունակում, ինչպես նաև մելատոնին՝ նյութ, որն օգնում է քնել։ Մի բուռ նուշը կամ ընկույզը կարող են օգնել իջեցնել սթրեսի մակարդակը, հագեցնել քաղցը։ Միայն թե հաշվի առեք, որ ընդեղենը չպետք է աղի կամ քաղցր լինի։

Խաշած ձու։ Անքնության պատճառներից մեկը սովն է, որը կարող է ստիպել արթնանալ գիշերային ժամերին և շտապել սառնարանի մոտ։ Սպիտակուցներով հարուստ սնունդը, օրինակ՝ ձուն, օգնում է առավել երկար հագեցածության զգացում ունենալ և գիշերը սովից չարթնանալ։ Ընթրիքին սննդակարգ ներառեք ձու, բանջարեղեն, հեշտ յուրացվող մթերք։

Մեղր։ Բնական մեղրը խորհուրդ է տրվում քնի որակի լավացման համար։ Մեղրն օրգանական շաքար է պարունակում, որն ուղեղին օրեքսինի արտադրությունը նվազեցնելու ազդանշան է ուղարկում՝ նյութ, որը սթափության զգացում է հաղորդում։ Բացի այդ՝ մեղրը քնաբեր հատկություններ ունի, այն օգնում է նվազեցնել ուղեղի ակտիվությունը և որակյալ քուն ապահովել։

Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը տրիպտոֆան է պարունակում, հակաօքսիդանտներ, որոնք հարկավոր են որակյալ քնի համար։ Այն նաև կալցիում և կալիում է պարունակում՝ հանքանյութեր, որոնք օգնում են ազատվել մկանների լարվածությունից ու սթրեսից։ Ի տարբերություն սովորական յոգուրտների՝ բնական յոգուրտն ավելի քիչ լակտոզա, շաքար և ավելի շատ որակյալ սպիտակուցներ է պարունակում։

Դառը շոկոլադ։ Դառը շոկոլադի՝ չափավոր քանակով օգտագործումն օգտակար է առողջության համար, քանի որ նպաստում է ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Այս մթերքը հակաօքսիդանտներ և ակտիվ միացություններ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են վաղաժամ ծերացումից և մի խումբ հիվանդություններից։ Շոկոլադը խթանում է սերոտոնինի արտադրությունը՝ հորմոն, որը հանգստացնում է մարմինն ու ուղեղը։

Բանան։ Բանանը բարձրորակ և սննդարար մթերք է, որի բաղադրության մեջ մեծ քանակով տրիպտոֆան և հանքանյութեր են մտնում։ Բանանի օգտագործումը խթանում է մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը, հանգստացնում մկաններն ու նյարդային համակարգը։

Հավի միս։ Սա ևս տրիպտոֆանի աղբյուր է, որն անքնության դեմ պայքարի հիմնական միջոցն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս