«Մենք խայտառակ ենք եղել». Էդմոն Մարուքյան

««Ելք» դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ. մենք կողմերին կոչ ենք արել քաղաքական բավարար կամք դրսևորել և մինչև վերջ տանել պրոցեսը։ Մենք մեր դերը գիտենք՝ այն ապագայում մոնիտորինգի ենթարկելն ու հետևելն է, որպեսզի համաձայնագիրը կյանքի կոչվի, որևէ դրույթ չմնա թղթի վրա և նախատեսված որևէ բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։

Շրջանակային համաձայնագիրն, ըստ Մարուքյանի՝ ասոցացման համաձայնագրի այն տարբերակն է, որը չի հակասում ԵՏՄ առջև ՀՀ ստանձնած պարտավորություններին․

«Մենք 4 տարի կորցրել ենք, մենք կարող էինք այն ժամանակ նման փաստաթուղթ ստորագրել և 4 տարի չսպասել։ Այս 4 տարվա ընթացքում Հայաստանը ռեգրես է ապրել տարբեր ոլորտներում։ Այն ժամանակ ՀՀ-ն եղել է գերազանցիկ երկիր Արևելյան գործընկերության երկրների մեջ մինչև այն պահը, երբ պետք է ստորագրեր համաձայնագիրը։ Հասավ ստորագրելու պահը, գիտեք՝ ինչ եղավ և այս 4 տարում մենք ետ ենք գնացել»։

Էդմոն Մարուքյանը համաձայնագրի հետ կապված խնդիրներ չի տեսնում. «Խնդիրներ կարող են լինել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հայտարարության հետ կապված։ Ասվում է, որ Հայաստանը կարող է չմասնակցել, եթե տեքստում այնպիսի դրույթներ լինեն, որոնք կխանգարեն մեզ մասնակցել։ Դեկլարացիաները հռչակագրային բնույթ են կրում, բայց եթե Հայաստանը մասնակցում է այդ դեկլարացիային, պետք է այնպիսի ձևակերպումներ լինեն, որոնք չեն հակասի նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին։ Հիմա կարող եմ ասել, որ չկա նման բան, ունենք նորմալ փաստաթուղթ, հետևաբար՝ չկա որևէ խոչընդոտ, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և միանա թե՛ այդ դեկլարացիային, թե՛ ստորագրվի շրջանակային համաձայնագիրը»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ Հայաստանը ետ ընկնի, բայց հիմա, ըստ նրա՝ Հայաստանն առանձնանում է Ադրբեջանից, Բելառուսից և հույս կա, որ ժամանակի ընթացքում ավելի առաջ կգնա։

Մարուքյանն ասաց, որ 2013թ. Հայաստանն այնպիսի քայլ արեց, որին ոչ ոք չէր սպասում. «Մենք խայտառակ ենք եղել այդ ժամանակ։ ՀՀ-ում ազատությունների առումով ռեգրես է եղել 2013թ. հետո, և 2017թ. խորհրդարանական ընտրությունները որակապես այլ կլինեին, եթե այն ժամանակ Հայաստանը ստորագրած լիներ ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում խայտառակ վիճակում է, ոստիկանական բռնությունների և դրանց բացահայտումների հետ կապված խայտառակ վիճակում է գտնվում, տնտեսության ազատականացման հետ կապված ևս խայտառակ վիճակ է։ Շրջանակային համաձայնագրում առևտրի մասով շատ լավ դրույթներ կան, որոնք բարեփոխելու են մեր տնտեսությունը։ Հայաստանի տնտեսությունը չի մնալու այնպես, ինչպես եվրասիական տնտեսությունն է»։

Տեսանյութեր

Լրահոս