«Կառավարության 5 հարվածները՝ ժողովրդին»
ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է՝ Հարկային նոր օրենսգիրքը հունվարից նոր խնդիրներ կստեղծի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի լավ բան չի եղե՞լ: Ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ ավելի վատ եղավ:
«Բոլոր դեպքերում ինչ-որ հավատ կար մարդկանց մեջ՝ նոր կառավարություն, շատ հետաքրքիր ներկայացումներ, ոճ, փոփոխություններ կառավարությունում: Երբ նայում եք իրենց վերջին ուսումնասիրությունները՝ սոցիոլոգիական հարցումները, դուք այդ միտումը կզգաք, որ հուլիսից սեպտեմբեր միանգամից անկում է ապրել կառավարության նկատմամբ վերաբերմունքը: Սա ամենավատ բանն էր, որ հավատ է կորում, որ մարդիկ ինչ-որ գործի մեջ են մտնում, հավատում են, որ ինչ-որ փոփոխություն է լինելու, ակտիվանում, աշխուժանում են, բայց երբ գործի մեջ են մտնում, տեսնում են, որ ոչ մի բան չկա»,- նշեց տնտեսագետը:
Վ. Խաչատրյանը գտնում է՝ սեպտեմբերին մարդկանց վարքագծի մեջ փոփոխություն եղավ կառավարության նկատմամբ, սկսեցին ավելի պայծառ աչքերով նայել, մի քիչ ավելի ժպտալ. «Բայց մի առաջին հարված՝ ՀՀԿ, երկրորդ հարված՝ ընտրությունների կեղծիք, երրորդ հարված՝ այս ներդրումների հետ կապված տխուր պատմությունը, որ չեղած ներդրումները փորձեցին ներդրումներ ներկայացնել, չորրորդ հարված՝ աշխատավարձ, թոշակ չի բարձրանում, հինգերորդ հարված՝ այս կրճատումները, որոնք հիմնավորված չեն»: