«Բոլոր անորակ աշխատանքներն անզեն աչքով էլ երևում են»
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վարդան Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքից: Ըստ նրա` 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին (42 կմ), 40%-ն է ավարտվել, որը բավարար ցուցանիշ է, 3-րդ տրանշի` Թալին-Լանջիկ (18 կմ)` 15%-ը, որը շատ քիչ է:
«Կապալառուի կողմից խնդիր կա»,- ասաց Վ.Կարապետյանը` նշելով, որ 3-րդ տրանշի պայմանագրի ժամկետը 1.5 տարի է, կնքվել է 2016թ. հունիսին, բայց, ամենայն հավանականությամբ, կերկարացվի մինչև հաջորդ տարի հոկտեմբեր-նոյեմբեր, և դեռ մեկ տարի ունեն 85% աշխատանքն անելու: Նա վստահեցրեց, որ, եթե կապալառուն վերացնի թերությունները, կհասցնեն ավարտել:
«Բոլոր անորակ աշխատանքներն անզեն աչքով էլ երևում են»,- իր դժգոհությունը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Վ.Կարապետյանը նշեց, որ 15%-ն այն ծավալն է, որ ընդունվել է, կատարված տեխնիկական աշխատանքը շատ ավելի շատ է, բայց որակական խնդիրների պատճառով չի ընդունվել. «Դրա համար կատարված ֆինանսական ծախսերն արվել են կապալառուի հաշվին և մնալու են նրա վրա»:
Վ.Կարապետյանը նշեց, որ վարկի մարումը կսկսվի 2018թ. այն իրավիճակում, երբ դեռ չկա ավարտված աշխատանք, բայց տոկոսադրույք չի ավելանա, քանի որ ժամկետների փոփոխություն չի արվում: Նրա խոսքով` տոկոսագումարը հաշվարկվում է այն պահից, երբ գումարը հանվում է բանկից, իսկ գումարը հանվում է, երբ սկսվում են փաստացի աշխատանքները: