«Ես Ձեզ պաս եմ տալիս, որ Դուք պատասխան տաք, տեսնենք ինքնագո՞լ ենք անում, թե՞…». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է` 2018թ. բյուջեն կայունացման բյուջե է, անհրաժեշտ է հրաժարվել «այսօր» և «հիմա» արտահայտություններից, նաև շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ մենք ոչ այնքան գումարի խնդիր ունենք, որքան եղած գումարն արդյունավետ ծախսելու, այսինքն` հարկատուների գումարները պետք է արդյունավետ ծախսել:

«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չի, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Է.Շարմազանովը:

Նշելով, որ ընդդիմությունը գտնում է մի քանի բացասական կետ և հրապարակում դրանք, Է.Շարմազանովը դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Հիմա էս ժողովուրդը 10% վատ է ապրելո՞ւ: Պետք է պատասխան տալ, ընդդիմությունը թերթերով հրապարակել է, ես իշխանությունից պատասխան դեռ չեմ լսել»:

«Ես Ձեզ պաս եմ տալիս, որ Դուք պատասխան տաք, տեսնենք ինքնագո՞լ ենք անում, թե՞…»,- հավելեց Շարմազանովը:

Վ.Արամյանը պատասխանեց, որ բյուջեի ուղերձն է` կայունացում և տնտեսական աճ. «Մենք աշխատում ենք, որ հանրությանն ազդակներ տանք, թե ի՞նչ ենք անում և ո՞ւր ենք գնում: Հաջորդ տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 3960 դոլարի, որը մոտ 300 դոլարով  ավելի շատ է, քան այս տարի: Ակնկալում ենք, որ2018թ.-ին, բացի ՀՆԱ-ից, կավելանան նաև տրանսֆերները` մոտ 8%, որ մեր տնտեսության վրա նույնպես մեծ ազդեցություն ունեն»:

«Ասել, որ մեր կյանքը գնալով վատանալու է, ես չեմ կիսում այդ կարծիքը»,- հավելեց Վ.Արամյանը` նշելով, որ տնտեսական աճը կբերի աշխատավարձերի աճի, և մարդկանց կենսամակարդակը կբարձրանա:

«Քանի որ հասարակությունում կա բևեռացում, հնարավոր է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճի, բայց աղքատներն է՛լ ավելի վատ ապրեն»,- չհամաձայնեց Մ.Թանդիլյանը:

Վ.Արամյանի խոսքով` բևեռացումը շտկելու համար կա մեկ դոկտրին: Ըստ նրա` պաշարները պետք է հարկել, և դրան է միտված գույքահարկի ռեֆորմը, որի օրենսդրական փոփոխությունը շուտով կդրվի քննարկման:

Տեսանյութեր

Լրահոս