Առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից
Հաջորդ տարի առողջապահական ոլորտի թոշակառու աշխատակիցները կհեռացվեն համակարգից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք կգնան թոշակի, դա կրճատում չի համարվում»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` այսօր Հայաստանում կա բժշկի 600-700 թափուր աշխատատեղ, զուգահեռ՝ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում, և անհրաժեշտ է՝ վերադասավորումներ արվեն, որպեսզի յուրաքանչյուր աշխատողի միավոր մասով 70-80 % ծանրաբեռնվածություն լինի: Լ.Ալթունյանի խոսքով` եթե մի հիմնարկում 60 բժիշկ կա, բայց պետք է 48, մյուս 12 բժշկին առաջարկվում է վերապատրաստում՝ համալրելու թափուր աշխատատեղերը՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում, կամ բժիշկները կարող են ոլորտի այլ մասնագիտացում ստանալ:
Թե ինչպե՞ս է համատեղվելու թոշակառու բժիշկների աշխատանքից ազատումը վարչապետի առաջ քաշած «ակտիվ ծերացման» թեզի հետ, որ տարեցներին աշխատաշուկայում պետք է ներգրավեն, Լ.Ալթունյանը տարակուսեց` ի՞նչ է նշանակում՝ ակտիվ ծերացում. «Ակտիվ ծերացնում են կոնյակը»:
«Եթե տարեց բժիշկն աշխատում է մարզում, և նա պահանջված է հասարակության ու ադմինիստրացիայի կողմից, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի կա թոշակային հասակի մասին ՀՀ օրենք, և ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կատարվի»,- հավելեց Լ.Ալթունյանը: