
«Այսօր Հայաստանում ստվերը շատ ավելի քիչ է». Լևոն Ալթունյան

«Զուտ զգացումներով ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում ստվերը շատ ավելի քիչ է, քան կարելի էր ենթադրել՝ խոսակցությունները լսելով և գնահատելով: Ես ասում եմ զգայական մակարդակի վրա, վաղը շատ պայմանականորեն մենք կարող ենք չափել դա հասարակական հարցումներ անելով: Դրա համար նախարարությունում ստեղծվում է մի գործիք` զանգերի կենտրոն, որն աշխատելու է 24 ժամ և աշատելու է նաև արտաքին զանգեր անելու նպատակով` հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` մեկնաբանելով ոլորտում կոռուպցիայի մակարդակի փոփոխության հարցը:
Ըստ նրա` գաղտնիք չէ, որ մոտ 3 տարի չէր գործում առողջապահության տեսչությունը, այն այսօր կայացման փուլում է և հունվար-փետրվարից կանցնի կանոնավոր գործունեության, և որոշ երևույթներ կստանան իրենց օբյեկտիվ արտացոլումը, կամ կհերքվեն:
Նախարարը նշեց, որ 2018թ. բյուջեի հատկացումներից գոհ չէ. «Կարող էր ավելի շատ լինել, և մենք գիտեինք, թե որտեղ էինք ծախսելու այդ գումարները»: Նա նշեց, որ առողջապահության բյուջեն կրճատվել է 5.8 մլրդ-ով, որից 1.3 մլրդ-ը նախորդ տարի օգտագործվել էր Վանաձորի առողջապահական կենտրոնի արդիականացման նպատակով, և այդ շինարարությունն ավարտվել է, 1.2 մլրդ տնտեսվել է հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից` օպտիմիզացիայի արդյունքում, իսկ հիմնական ծրագրերը չեն տուժել:
Անդրադառնալով բժիշկների հանդեպ բռնության դեպքին` Լ.Ալթունյանը նշեց, որ վերջերս օրենսդրական մի նախաձեռնություն է ընդունվել, որով մասնագիտական պաշտպանվածություն կտրամադրվի բժիշկներին: