
Որն է ապահարզանների հիմնական պատճառը

Կանանց կողմից ապահարզան տալու հիմնական պատճառն այն է, որ նրանց ամուսինները չեն ցանկանում փոխել իրենց վարքագիծը եւ ջանքեր թափել հարաբերությունները պահպանելու համար: Կանայք ավելի ծանր են տանում համատեղ կյանքի՝ տարիների հետ աճող լարվածությունը եւ այդ պատճառով տղամարդկանցից կրկնակի ավելի հաճախ են ապահարզան տալիս: Այս եզրակացությանն են եկել հետազոտողները ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանից: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Գիտնականները 16 տարվա ընթացքում հետեւել են 355 ամուսնացած զույգերի:
Նրանցից յուրաքանչյուրի հետ մի քանի հարցազրույց է անցկացվել՝ համատեղ կյանքի առաջին ամիսներին, երկրորդ, երրորդ, չորրորդ, յոթերորդ եւ 16-րդ տարում: Պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են խոսել իրենց հարաբերություններում առկա լարվածության մասին, քան տղամարդիկ: Առանձին զույգերի տղամարդիկ գործնականում դժգոհություն չեն հայտնել իրենց հարաբերություններից այն դեպքում, երբ կանանց դժգոհությունը շատ մեծ է եղել: Նման իրադրությունը շատ դեպքերում նշանակել է մոտալուտ բաժանում:
Գիտնականները նշում են, որ 16 տարվա ընթացքում, քանի դեռ անցկացվում էին ուսումնասիրությունները, ամուսնալուծվել է դիտարկվող զույգերի շուրջ 40 տոկոսը: