«Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում ամսի 24-ին Հայաստան-ԵՄ պայմանագիրը ստորագրելու համար». Շավարշ Քոչարյան

2018 թվականի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը, հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչամանը, դատապարտմանը: Այսօր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նշենք, որ 2018 թվականին բյուջեի նախագծով՝ նախարարությանը տրամադրվելու է 15.7 միլիարդ դրամ: Նա ընդգծեց, որ շարունակվելու են հարաբերությունները մեր տարբեր գործընկերների հետ. «Շարունակելու ենք մեր համագործակցությունը տարբեր շրջանականերում, դա և՛ ԵԱՏՄ շրջանակներում է, և՛ ՀԱՊԿ շրջանականերում է, և՛ ԱՊՀ շրջանակներում է, և՛ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության ընդլայնումն է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2018-ին Հայաստանը որևէ նոր միջազգային կառույցի անդամակցելո՞ւ է: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ նման բան չի նախատեսվում, և բյուջեով նման հատկացումներ չկան:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված կա՞ն որևէ խոչընդոտներ: Շ. Քոչարյանը պատասխանեց, որ Հայաստանը որևէ խոչընոտ չի տեսնում այդ հարցում:

Վ. Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն մեր գործընկերներն այդ հարցում, քանի որ հայտնի է, որ նախկինում նախադեպ ենք ունեցել, որ, ի վերջո, չի ստորագրվել պայմանագիրը: Ի պատասխան՝ Շ. Քոչարյանն այսպես արձագանքեց. «Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում ամսի 24-ին ստորագրելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս