
Թրամփը «կարևոր» հանդիպում է ակնկալում Պուտինի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դա շատ կարեւոր ուղեւորություն է: Մենք կարող ենք հանդիպում ունենալ Պուտինի հետ… դա շատ կարեւոր է: Նրանք կարող են մեզ օգնել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի հարցում: Մեզ հարկավոր է խոսել Ուկրաինայի մասին»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-11-ը Վիետնամի Դանանգում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները մասնակցելու են դրան: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել Է, որ Թրամփի հետ Պուտինի հանդիպման հարցը դեռեւս լուծված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: