Բաժիններ՝

ԻՊ-ն ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ութ մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, և վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Այնուհետեւ հանցագործը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ է առել: Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ հարձակվողը գործել է կանխամտածված, և տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:

Ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը, որը ԱՄՆ է ժամանել 2010 թվականին և ապրում էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում:

Իր ավտոմեքենայում ահաբեկիչը թողել է գրություն, որում ասված է, որ ինքը հարձակումը կատարում է ԻՊ խմբավորման անունից: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Սաիպովի բջջային հեռախոսում գտել են շուրջ 90 տեսագրություններ և մոտավորապես 3,8 հազար լուսանկարներ, որոնցից շատերը կապված են եղել ԻՊ-ի քարոզչության հետ: Դրանցում, մասնավորապես, տեղ են գտել զինյալների կողմից կատարված մահապատիժները, ինչպես նաև ԻՊ-ն ու նրա պարագլխին խորհրդանշող պատկերներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս