
Չի՞ վստահում. փողերը կորցնելուց հետո Ծառուկյանը սեփական աուդիտորական կազմակերպությունն է ստեղծել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ստեղծել է աուդիտորական կազմակերպություն, որը պետք է վերահսկի «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքները:
Ընտրություններից, կորցրած փողերից հետո Ծառուկյանն այլևս չի՞ վստահում որևէ մեկին, այդ թվում և կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ հարցրինք ԲՀԿ մեր աղբյուրին։ «Չկա նման բան, Առուստամյանը Ծառուկյանի կողքը կանգնած մարդ է, երեկ, օրինակ, Պրահա էր մեկնում, ինքն էր ճանապարհում, Ծառուկյանը պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր հիմնարկներում»:
Հիշեցնենք, որ կոնցեռնի մեջ մտնում են մոտ 50 ձեռնարկություններ, որոնցում նաև ՊԵԿ-ն է «աուդիտ» անցկացնում: Ծառուկյանի ստեղծած տնտեսագետների և աուդիտորների խումբը ղեկավարում է Վերահսկիչ պալատի երբեմնի իրավաբանական վարչության պետ, նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի «քավորությամբ»:
Ամբողջությամբ կարողեք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։