Ինչն է երեխաներին խանգարում քունն առնել

Մարդու քնի վրա գաջեթների ազդեցության շուրջ ուսումնասիրությունների մեծամասնությունը ցույց էտալիս, որ սմարթֆոնները, նոութբուքերը եւ պլանշետները ամենից շատ ազդում են երեխաների ու դեռահասների առողջության վրա: Այդ մասին ասված է Pediatrics հանդեսում հրապարակված հոդվածում:

«Լույսը գլխավոր ժամանակաչափն է մեր ուղեղի համար: Երբ նա երեկոյան ընկնում է աչքի ցանցաթաղանթի վրա, մելատոնինի կոնցենտրացիան կտրուկ նվազում է, ինչի պատճառով քունը փախնում է, խանգարվում են ցիրկադային ռիթմերը: Հայտնի է, որ երեխաների մոտ բիբերն ավելի խոշոր են, քան մեծահասակների մոտ, իսկ աչքի ոսպնյակն ավելի թափանցիկ է: Ուստի երեխաների աչքերն ավելի զգայուն են լույսի նկատմամբ»,-բացատրում էհետազոտության հեղինակներից մեկը՝ Բոուլդերում (ԱՄՆ) գտնվող Կոլորադոյի համալսարանի ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի բաժանմունքի դոցենտ Մոնիկ ԼեԲուրժուան:

Նա վերլուծել է 50-ից ավելի գիտական աշխատություններ, որոնք ուսումնասիրել են էկրանով սարքերի ազդեցությունը 5-ից մինչեւ 17 տարեկան երեխաների առողջության վրա: Հետազոտությունների 90 տոկոսը ցույց է տվել, որ երեխան որքան շատ ժամանակ է անցկացնում էկրանի առջեւ, այնքան վատ է նա քնում: Ինչպես նշում է ԼեԲուրժուան, նախորդ փորձերը ցույց են տվել, որ լույսի նույն աղբյուրի ներգործությամբ երեխաների մոտ մելատոնինի կոնցենտրացիան կրկնակի ավելի արագ է նվազում, քան մեծահասակների մոտ: «Քնի հորմոնին» հատկապես ուժեղ է ճնշում կարճալիք «կապույտ լույսը», որն արձակում են բոլոր շարժական սարքերը:

Common Sense Media ամերիկյան ոչ կառավարական հետազոտական կազմակերպության զեկույցի տվյալներով՝ 2011 թվականից երեխաներն սկսել են եռակի ավելի հաճախ օգտագործել սմարթֆոնները: Օրինակ, մինչեւ ութ տարեկան երեխաները միջին հաշվով օրական էկրանների առջեւ են անցկացնում մոտավորապես 48 րոպե: Ծնողները հաճախ դրան չեն խոչընդոտում, շատերը քնելուց առաջ երեխաների համար մուլտֆիլմեր են միացնում:

«Նախադպրոցական տարիները շատ զգայուն ժամանակաշրջան է զարգացման համար: Թվային մեդիաներն ավելի ու ավելի խորն են թափանցում երեխաների կյանք, եւ կան բազմաթիվ բաներ, որոնք դեռ ուսումնասիրված չեն»,-ընդգծում է ԼեԲուրժուան: Իսկ դեռահասների մոտ քնի պակասը հաճախ պայմանավորված է լինում կոգնիտիվ վերելքով, որը կարող է կապված լինել քնելուց առաջ «ագրեսիվ կոնտենտ», օրինակ՝ բռնության տեսարաններ դիտելու հետ: Քունը ուշացնում է նաեւ մեսենջերներում սովորական նամակագրությունն ընկերների հետ:

Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս քնելուց մեկ ժամ առաջ երեխաներին չտալ շարժական սարքեր, հանգստանալու ընթացքում անջատել բոլոր էլեկտրոնային դեւայսները (ներառյալ իրենցը) եւ դրանք լիցքավորել այլ սենյակներում, ինչպես նաեւ ոչ մի գաջեթ չպահել այն հարկաբաժնում, որտեղ երեխան քնում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս