«Ինչպես ՀՀ նախագահն է նշել` մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել ՀՀ-ԵՄ պայմանագիրը». Կարեն Նազարյան
«Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է ՀՀ քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ անցնող մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր հանդիպումներ, այցեր, խորհրդակցություններ, այդ թվում՝ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի մասնակցությամբ: Փոխնախարարը նկատեց, որ այս տարի կարևոր էր ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
«Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը, և ամուր հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Համաձայնագիրը համատեղ նախաձեռնություն է, որը հետագայում կխորացնի հարաբերություններն առավել լայն շրջանակներում, կստեղծվի նաև էներգետիկայի, տրանսպորտի և շրջական միջավայրի ոլորտներում առավել ամուր գործընկերություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն՝ ի օգուտ մեր քաղաքացիների: Այն հնարավորություն կտա նաև բիզնես ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար, ու համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու համաշխարհային Եվրոպական տնտեսությունում»,-ասաց Կ. Նազարյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ նոյեմբերի 24-ին համաձայնագիրը ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Կ. Նազարյանն ասաց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Եվրոպական կողմը, բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են նոյեմբերի 24-ին ստորագրել:
«Ինչպես ՀՀ նախագահն է նշել, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել պայմանագիրը: ԵՄ մեր գործընկերները վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ ես չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է ասել՝ փարատելու բոլոր այն մտահոգությունները, որոնք կան այսօր»,-նշեց փոխնախարարը: