«Ռիսկ կա, որ պետական պարտքը 2018 թվականին կանցնի 60 տոկոսից». Ատոմ Ջանջուղազյան
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ՀՀ պետական պարտքի մասին:
Նա նկատեց, որ նախագծով՝ 2018 թվականին ՀՀ պետական պարտքը կկազմի 58.8 տոկոս: Պատգամավորը մտահոգություն ունի, որ այն կարող է 60 տոկոսից անցնել: Նա փոխնախարարին խնդրեց ասել՝ արդյոք այդ ռիսկը կա՞, թե՞ ոչ, և անցած վարկերի ու դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունն ինչպիսի՞ն է եղել:
Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ վարկերի և դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է եղել, ինչպիսին պետական բյուջեով նախատեսված ծախսերի արդյունավետությունը: Նա նկատեց, որ անելիքներ կան այս առումով, ինչը մտահոգության առիթ պետք է լինի. «Մենք պետք է միշտ մտածենք արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»:
Խոսելով այն մասին, թե արդյոք 2018 թվականին պետական պարտքը 60 տոկոսից կանցնի՞, թե՞ ոչ՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ ռիսկեր կան.
«Ենթադրությունն այն է, որ մենք կունենանք փոխարժեքի այնպիսի վարքագիծ, ինչը նախատեսված է: Փոխարժեքի ռիսկը էական գործոն է, եթե այն կանխատեսելի միջակայքից շեղվի, ապա, իհարկե, ռիսկ կա, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է շեղվել այն կանխատեսումից, որ մենք ունենք»: