«Գիտությունների ակադեմիան ընդամենը կույրաղիք է, ընդ որում՝ պայթած». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով խորհրդարանի կողմից վերջերս ընդունված և հասարակական մեծ աղմուկ առաջացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին՝ ասաց, որ վիճահարույց ոչինչ չի տեսնում դրանում. «Նման իրավիճակում, երբ կա մշտական արտաքին վտանգ, և տեսանելի հեռանկարում այդ վտանգը չի վերանալու, հայկական զինուժը չի կարող լինել միայն պրոֆեսիոնալ կամ պայմանագրային հիմունքներով։ Այսինքն՝ այս համընդհանուր զորակոչը պետք է պահպանվի»։

Քաղաքագետը նշեց, որ տարկետումները միայն կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, բացի դրանից, նրա դիտարկմամբ՝ ապականում են կրթական համակարգը, գիտական ոլորտը լցնում են աղբով և բերում են նրան, որ գիտական ոլորտի վրա արված ծախսերն ուղղակի չեն արդարանում. «Եթե հակառակն է, ապա Իսրայելում պետք է գիտնական չլիներ, գիտությունը տուժեր, մարդ չգնար բուհերում սովորելու, որովհետև բոլորին տանում են բանակ։ Բայց մենք տեսնում ենք, որ ամենալավ գիտություն ունեցող երկրներից մեկն է աշխարհում»։

Բանակում կատարվող փոփոխությունները, ըստ նրա պետք է ներառեն նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում փոփոխություններ. «ԳԱԱ կոչվող թթվի քարը, որը դրված է գիտության վրա, առաջին խոչընդոտն է Հայաստանում գիտության զարգացմանը։ Սիլիկոնային հովտում քանի՞ գիտությունների ակադեմիա կա․ չկա, դա ընդամենը կույրաղիք է, ընդ որում՝ պայթած։ Իսրայելում էլ գիտությունների ակադեմիա չկա, բայց այնտեղ կա պետական քաղաքականություն՝ գիտելիքահենք ստարտափներին օգնելու համար։ Հայաստանում բավականին գործ է արվել այդ ուղղությամբ, բայց դա բավարար չէ։ Բարձրագույն կրթության համակարգը պետք է մաքրել սովետական աղբից, դա է առաջին խոչընդոտը՝ մեր բարձրագույն կրթության զարգացման համար, այլ ոչ թե բանակը կամ ուսանողներին բանակ տանելը։ Այդ մոտեցումները պետք է համալիր ձևով փոխվեն»։

Նրա խոսքով՝ զարմանալի է, որ մինչև հիմա այս հարցի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարը դիրքորոշում չի հայտնել. «Կրթության և գիտության նախարարը, ռուսերենի հետ կապված, արագընթաց ձևով վազում էր ռուսական շոգեքարշի դիմացից՝ իր վրա վերցնելով բոլոր հարվածները, բայց այս կարևոր հարցում նախարարության դիրքորոշումը մենք չունենք»։

Տեսանյութեր

Լրահոս