««Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած ծրագրերն ազդեցություն են ունեցել շուրջ 500 հազար հայի վրա». Արա Վարդանյան
«Շատ կարևորում եմ այս այցը, քանի որ կարևոր է, որ մեր վարչապետն ավելի շատ տեղեկություն ստանա հիմնադրամի աշխատանքի մասին։ Կարևոր է, որ նա իր աչքերով տեսնի, թե որտեղ են հավաքվում այդ ամբողջ միջոցները և ինչ ծրագրերի վրա են ուղղվում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ կատարած այցին, այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 23-ին կայանալիք հեռուստամարաթոնին երկու ուղղություն է լինելու. «Առաջինը խորքային ջրերի ծրագիրն է Արցախում, երկրորդն արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է։ Արդեն իսկ սկսել ենք փորձարկումները Տավուշի մարզում և շատ լայնածավալ ծրագիր ենք իրականացնելու Արցախում։ Իհարկե, դա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացնում ենք, ծրագրերը շարունակական են, և ամեն տարի, բացի այս երկու ծրագրից, մենք իրականացնում ենք շուրջ 50 ծրագիր»։
Նա նշեց, որ Արցախի հողերի շուրջ 93 տոկոսը ոռոգելի չեն, դրա համար այնտեղ ցանում են այն կուլտուրաները, որոնք քիչ ջրի կարիք ունեն կամ չունեն. «Բայց խնդիրը նրանում է, որ դրանցից ստացված շահույթը շատ փոքր է: Խնդիր է դրվել՝ կառուցել ջրամատակարարման այս համակարգերը, որոնցից յուրաքանչյուրի շնորհիվ 10-15 հեկտար ոռոգվելու է։ Յուրաքանչյուրը 44-47 հազար դոլար արժե, կլինեն համայնքներ, որտեղ, այդ համակարգի հետ մեկտեղ՝ կտեղադրվի կաթիլային համակարգ։ Այդ հարցով Արցախի կառավարության հետ շատ սերտ աշխատում ենք: Կառավարությունը որոշ չափով համաֆինանսավորելու է ծրագիրը: Համոզված ենք, որ այն լուրջ տնտեսական ազդեցություն կունենա»։
Երկրորդ՝ արևային էներգիայի օգտագործման ծրագրի համար առաջին փուլով ընտրվել են Ասկերանի շրջանն ու Շուշին։ Վարդանյանն ասաց, որ բոլոր դպրոցները, մանկապարտեզները, գյուղապետարաններն անցնելու են արևային էներգիայով սնուցման. «Ծրագիրը շարունակական է լինելու, համոզված ենք, որ շատ մեծ արձագանք է ունենալու»։
Վարդանյանն ասաց, որ շատ են մարդիկ, որոնք մեծ չափերի նվիրատվություն են անում, բայց չեն ցանկանում, որ իրենց անունը հայտարարվի. «Նախորդ տարի մեր նվիրատուներից մեկը նվիրաբերեց 5 մլն դոլար, և մենք շատ ենք բանակցել, որ նրա անունը հայտարարենք։ Նա չէր ցանկանում, որ իր անունը հայտարարենք։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Օրինակ՝ երբ իմանում են, որ այդ մարդն այդքան գումար է տվել, մնացած բոլոր բարեգործական կազմակերպությունները սկսում են մոտենալ այդ մարդուն, որպեսզի կրկին գումար ուզեն»։
Նա հավելեց, որ 25 տարվա ընթացքում ունեցել են 700 հազար նվիրատու, իսկ կատարած ծրագրերն ազդեցություն են ունեցել 500 հազար հայի վրա. «Դրանք դպրոցներն են, հիվանդանոցները, տները, ջրատարները։ Կա թյուրըմբռնում, որ համահայկական հիմնադրամը միայն Արցախում է ծրագրեր իրականացնում, բայց դա այդպես չէ. մենք Հայաստանում էլ ունենք բազում ծրագրեր»։