
«Մի՞թե որևէ մեկը կարծում է, թե այստեղ՝ Պատմության թանգարանում, հիմարներ են աշխատում». Անելկա Գրիգորյանը՝ Պատմության թանգարանի գույքի աճուրդի մասին

Մամուլում օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն աճուրդի է հանել ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ դասական աճուրդով օտարման ենթակա գույքը:
Պարզելու համար, թե իրականում ի՞նչ գույքի մասին է խոսքը, և որքանո՞վ է ճիշտ այդ տեղեկատվությունը, 168.am-ը կապ հաստատեց Հայաստանի Պատմության թանգարանի հետ:
Մեր զրուցակիցը՝ թանգարանի նախկին տնօրեն (ներկայումս՝ թանգարանի հրատարակչության բաժնի վարիչ) Անելկա Գրիգորյանն անդրադառնալով հարցին՝ պատասխանեց՝ աճուրդի հանված իրերն այս պահին գտնվում են Պատմության թանգարանի ետնամուտքից բացվող բակում: Թե ինչպե՞ս կարող են մամուլի էջերում տարածված արժեքավոր ցուցանմուշները հայտնվել ետնամուտքի բակում, տիկին Գրիգորյանը պարզաբանեց.
«Աճուրդի է հանվել ոչ թե՝ նմուշ կամ ցուցանմուշ, այլ՝ 1960-ական թվականներից առկա տնտեսական ժամկետանց և մաշված գույք, որը, ինչպես արդեն ասացի՝ այս պահին բակում է, հետաքրքրվողները կարող են դրանք տեսնել: Այն աղմուկը, որ հանել են ձեր կոլեգաները, թե աճուրդը վերաբերում է իբր արժեքավոր նմուշների կամ ցուցանմուշների՝ առնվազն անպարկեշտ է: Եվ մի՞թե որևէ մեկը կարծում է, թե այստեղ՝ Պատմության թանգարանում, հիմարներ են աշխատում…»:
Հավելենք՝ ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքի աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով: