
«Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ ներմուծող երկրների հետ». Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստ է մրցակցել Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարող երկրների հետ: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է նեղել ռուսական շուկայում քաջ հայտնի արտադրողներին՝ ՀՀ Նախագահն ասել է. «Անպայման»:
Հայկական պտուղ-բանջարեղեն արտադրող խոշորագույն ընկերության՝ «Սպայկա»-ի տվյալներով՝ 2016-2017 թվականների ընթացքում ջերմոցային լոլիկների արտահանումը Հայաստանից Ռուսաստան ավելացել է՝ հասնելով մինչև տարեկան 30 հազար տոննայի:
«Հասկանում եք, երբ որոշների մոտ խնդիրներ են ծագում, մյուսների համար դա լավ հնարավորություն է դառնում: Հենց դրանից էլ մենք օգտվեցինք նախորդ տարի: Ռուսաստանում ևս զարգացնում են այս ճյուղը (լոլիկների աճեցումը): Սակայն շուկան այնքան մեծ է, որ խաղացողների թվի ավելացումն այստեղ ոչ ոքի չի խանգարի, դա միայն օգուտ կբերի»,- բացատրել է Հայաստանի Նախագահը:
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից էմբարգո էր սահմանել Թուրքիայից մի շարք մթերքների ներմուծման վրա՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման: Թուրքիայից լոլիկի ներմուծման արգելքը ամենաերկարը տևեց՝ 1 տարի և 10 ամիս: Արգելքը չի գործելու 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ 3 թուրքական ընկերությունների համար: