Բաժիններ՝

«Այսօրվա երեխաները ցանկանում են մորը տեսնել զարգացած, վստահ՝ ոչ միայն ընտանիքում, այլև՝ իր պրոֆեսիոնալ ոլորտում». Էմմա Մարաշլյան

«Ամեն կին իր տեսակի մեջ ստեղծագործ է»,- «Հաջողակ կանայք Հայաստանում» թեմայով հրավիրված հանդիպմանն ասաց «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանը:

Նշենք, որ հանդիպումը, որը կազմակերպել էր «New Technology Education Fund» բարեգործական հիմնադրամը՝ «Technology and Science Dynamics» ընկերության հետ համատեղ, տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին «Մերգելյան ակումբի» շրջանակներում:

Է. Մարաշլյանի խոսքով՝ կինն ամենուրեք կարող է լինել. «Եթե տղամարդը մտածում է ավելի գլոբալ, կինը մտածում է դետալներով, և, կարծես այդ դետալներից ելնելով՝ մենք կարող ենք լինել ամենուրեք ու հասցնել ամեն ինչ, ու անգամ՝ ստեղծագործել: Իմ ստեղծագործական կարիերան սկսելիս ինձ պետք էին մարդիկ, ովքեր ինձ հավատում էին: Հավատքը շատ կարևոր է, ու նաև կարևոր է, թե դու ինչպես ես ինքդ քեզ մոտիվացնում: Կինը պետք է կարողանա լինել համարձակ և ինքնամոտիվացված: Մեր կողքինները, հանրությունը կարող են շեղել քեզ, եթե դու քեզ չհավատաս»:

Նա նշեց, որ իր թիմն այսօր հիմնականում աղջիկներից է բաղկացած, որովհետև, Է. Մարաշլյանի դիտարկմամբ՝ նրանք ավելի զգայուն, համարձակ, նպատակասլաց ու ինքնավստահ են. «Իմ ընկերները, որոնք տարբեր երկրներից գալիս են Հայաստան, ասում են՝ ինչ արագ է այստեղ զարգացումը տեղի ունենում, ինչ հետաքրքիր մարդկանց ենք մենք այստեղ տեսնում»:

Կարդացեք նաև

Է. Մարաշլյանը գտնում է՝ կինը միշտ ավելի պատասխանատու է և՛ ընտանիքի առաջ, և՛ երեխայի առաջ, և՛ ամուսնու առաջ, և՛ ամուսնու ընտանիքի առաջ. «Կնոջ աշխատանքի բնույթը ծավալային է, ու կինը պետք է ճիշտ բալանսավորի ամեն ինչ, որ չբերի նրան, որ կա՛մ ընտանիքը տուժի, կա՛մ կարիերան: Այսօր եթե կինը չի կարողանում դրսևորվի, շատ վատ է և՛ ընտանիքի համար, և՛ հենց երեխայի: Իմ աղջիկը որ տեսնում է ինձ իմ գործունեության մեջ՝ հպարտանում է:

Վերջերս դպրոցում հանձնարարել էին մի հետաքրքիր նախագիծ, պետք է խոսեին նկարիչների մասին, մեծերի մասին, ու մայրիկները պետք է ներկա լինեին: Ես նույնպես գնացի, ու, պատկերացրեք, նկարիչների ցանկում իմ աղջիկը որոշեց ներկայացնել իր մայրիկին, դա ինձ համար անակնկալ էր: Սա ցույց է տալիս, որ այսօրվա երեխաները ցանկանում են մորը տեսնել զարգացած, վստահ՝ ոչ միայն ընտանիքում, այլև՝ իր պրոֆեսիոնալ ոլորտում: Դա նաև տղամարդուն է հարկավոր»:

Է. Մարաշլյանը պատմեց, որ իր ամուսինն իրեն շատ է աջակցել իր ստուդիան բացելու հարցում: Նա պատմեց, որ տարիներ առաջ իրենք ապրում էին Մոսկվայում, և ինքը դեղատան ցանցերի ղեկավար էր, ու չէր պատկերացնում, թե ոնց է զրոյից սկսելու ամեն ինչ Հայաստանում, երբ ամուսինն առաջարկել է տեղափոխվել:

«Հավատալով ամուսնուս, որ մենք տեղափոխվելով՝ ճիշտ քայլ ենք անում, ու պատկերացնելով դժվարությունները, որ կարող են լինել Հայաստանում, ես գնացի այդ քայլին, որոշեցի այդ պահին լինել ամուսնուս հետ: Երբ մենք եկանք Հայաստան, առաջին պահից խնդրել եմ ամուսնուս, որ ինձ հասկանա, որ ես ուզում եմ այստեղ սկսել ստեղծագործել:

Երբ ստուդիան սկսեց աշխատել, ամուսինս գալիս էր ստուդիա ու լույսն էր պահում, ասում էի՝ Վարդան, ախր դու այս-այս աշխատանքն ես անում, անհարմար եմ զգում, որ դու լույս ես պահում, ասում էր՝ եթե ես այսօր այստեղ եմ, քո կողքին եմ, լույս եմ պահում, ուրեմն՝ ես այս պահին լույս պահող եմ: Ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ ընտանիքում կա համաձայնություն և փոխըմբռնում: Իմ ամուսինը շատ ուրախ է, որ ես հասել եմ որևէ տեսակի ինքնազարգացման: Ընտանիքը շատ կարևոր է կնոջ կյանքում՝ վստահ ու համարձակ լինելու իր քայլերի մեջ»,- նշեց Է. Մարաշլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս