«Եվրամիությունը պատրաստ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում». ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պարզաբանելով մամուլում տարածված ապատեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդագրության միջոցով հայտնել էր, թե Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է, սակայն չէր բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին, այլ ավելի ուշ։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաստատում է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Ըստ պատվիրակության՝ այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: