ԱՄՆ հերթական խոշոր ներդրումը՝ ՀՀ էներգետիկ ոլորտում
Հայաստանում գրանցված և գործող «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի, և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող «The Robbins Company» ընկերության միջև այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Համաձայն հուշագրի՝ ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը կմասնակցի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Նախարար Աշոտ Մանուկյանի խոսքով՝ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարության համատեքստում.
«Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ։ Մենք մտադրված ենք մեր ներքին վերականգնվող աղբյուներից արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման ծավալում հասցնել 50%-ի։ Այսօր ներքին շուկայի սպառման կառուցվածքում մենք ունենք էլեկտրաէներգիայի մոտավորապես 1/3 ծավալ, որն արտադրվում է ատոմակայանում, 1/3-ը՝ գազային-ջերմային կայաններում, և մոտավորապես 1/3-ը՝ ՀԷԿ-երում։ Սա առաջին քայլն է՝ մեր վերականգնվող սեփական աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալի մեծացման ճանապարհին»։
Նախարարը նշեց, որ սա ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ երրորդ խոշոր ներդրումային ծրագիրն է այս ոլորտում. «Դուք հիշում եք՝ «Լիդիան Արմենիան», «Կոնտուր Գլոբալը» և սա արդեն երրորդն է։ Իսկ վերականգնվող էներգետիկայի ոլորտում երկրորդն է՝ «Կոնտուր Գլոբալից» հետո»։
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և անձապես դեսպան Միլսին՝ երկու երկրների մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև սկիզբ դրվող երկարատև համագործակցությանը գործուն օժանդակություն ցուցաբերելու համար։
«Այս տարի մենք նշում ենք ՀՀ հետ մեր դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ այսօր տոնում ենք»,-իր խոսքում նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Դեսպանն ասաց, որ «Դեբեդ Հիդրո» և «Ռոբինս» ընկերությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության օրինակ է. «Մեր գերակա խնդիրներից մեկը հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային կապերի ամրապնդումն է, և ես հպարտ եմ, որ այսօր, նախարարի և նրա թիմի աջակցությամբ, դեսպանատան կոմերցիոն թիմի աշխատանքի շնորհիվ մենք նշում ենք մեր տնտեսական գործընկերությունն ամրապնդող հերթական ձեռքբերումը»։
Ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում կկատարի «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կմ երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև՝ ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում»։
«Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 150-190 մլն դոլար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում