«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա». Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքում է, որ հաջորդ տարի ՀՅԴ-ին է տրվելու փոխվարչապետի հաստիք, որը զբաղեցնելու է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Սուտ է, ոչ մի նման խոսակցություն չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Ա. Ռուստամյանը:
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, որ եթե Դաշնակցությանը տրվի այդ պորտֆելը, ո՞վ կլինի իրենց թեկնածուն. «Եթե-ով հարցերին չեմ պատասխանում: Երբ որ գա ժամանակը ամեն ինչ պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ մամուլի համաձայն` 2018թ. ապրիլի 9-ին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀ Սահմանադրությամբ 3 փոխվարչապետ է լինելու, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցած «մեծ համաձայնության» արդյունքում որոշվել է, որ Կարեն Կարապետյանը իր այսօրվա բոլոր լիազորություններով և պարտականություններով կզբաղեցնի առաջին փոխվարչապետի պաշտոնը: ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ևս հույս ունի փոխվարչապետի պաշտոն ստանալ, որին հավակնում է Աղվան Վարդանյանը: