Բաժիններ՝

Պեկինում փակվել է Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարը

Պեկինի Ժողովրդական ժողովների տանը հոկտեմբերի 24-ին փակվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը, որտեղ ընտրվել է ՉԿԿ-ի Կենտրոնական կոմիտեի եւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը:

Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, համագումարի եզրափակիչ նիստն անցել է Սի Ցզինպինի նախագահությամբ: Առավոտյան ժամը 9-ին սկսված նիստին մասնակցել են 2336 պատվիրակներ, ներառյալ հատուկ հրավիրվածները: Նիստի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՉԿԿ-ի 19-րդ գումարման Կենտկոմի կազմը, որում ընդգրկվել են ՉԿԿ-ի ԿԿ-ի 204 անդամներ եւ անդամության 172 թեկնածուներ, ինչպես նաեւ ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի 133 անդամներ:

Նիստում ընդունվել են բանաձեւեր, որոնք հավանություն են տալիս ՉԿԿ-ի 18-րդ գումարման Կենտկոմի զեկույցին, ՉԿԿ-ի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի աշխատանքի մասին զեկույցին եւ ՉԿԿ-ի Կանոնադրության ուղղմանը: ՉԿԿ-ի ուղղված Կանոնադրության մեջ ներառվել են չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանի վերաբերյալ Սի Ցզինպինի գաղափարները:

Համագումարը միաձայն հավանություն է տվել չինական յուրահատկությամբ նոր դարաշրջանի սոցիալիզմի վերաբերյալ Սի Ցզինպինի գաղափարները որպես կուսակցության ուղեցույց ճանաչելուն՝ մարքսիզմ-լենինիզմի, Մաո Ցզեդունի գաղափարներին, Դեն Սյաոպինի ուսմունքին, եռակի ներկայացուցչության եւ զարգացման գիտական հայեցակարգի կարեւոր գաղափարներին համահավասար: Համագումարի օրակարգի ավարտվելուց հետո Սի Ցզինպինը հանդես է եկել ճառով: Համագումարն իր աշխատանքն ավարտվել է «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս