«Իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտացմամբ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաեւ, ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչեւ այս տարվա վերջ:
Ռուսաստանին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ըստ ամենայնի, դուր չի գալիս, եւ դրա ապացույցն է ռուսաստանյան քարոզչության տեղացի ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը, բայց դարձյալ պետք է ենթադրել, որ բարձրագույն ղեկավարության մակարդակով այդ հարցը լուծված է: Սակայն այդ ամենը ժամանակավորապես մի կողմ թողնելով` փորձենք հասկանալ` իսկ մեր հասարակությունը շահագրգռվա՞ծ է ԵՄ-ի հետ հարաբերությունների որոշակի սերտացմամբ:
Այս հարցին ես միանշանակ պատասխան չունեմ: Զուտ աչքաչափով կարող եմ ասել, որ մեծ մասին դա բացարձակապես չի հետաքրքրում: Հասարակության որոշակի մասը գտնվում է ռուսաստանյան արդեն հիշատակածս քարոզչության ազդեցության տակ եւ ամեն մի նման քայլի մեջ ինչ-որ սարսափելի եւ ֆանտաստիկ բաներ է տեսնում:
Հասարակության մի հատված էլ հասկանում է, որ համաձայնագիրը կարեւոր է, բայց համադարման չէ, եւ առանց մեր` ՀՀ քաղաքացիներիս կամքի կմնա թղթի վրա: Բանն այն է, որ Բրյուսելի հետ համագործակցության մեխանիզմները շատ յուրահատուկ են. այս դեպքում քեզ ոչ միայն ոչ մի բան չեն պարտադրի, այլեւ կարող են ոչինչ էլ չառաջարկել: Այնպես որ` նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո ամեն ինչ կախված է լինելու մեր` Հայաստանի նախաձեռնությունից:
Հետաքրքիր է այդ պրոցեսի նկատմամբ իշխող կուսակցության վերաբերմունքը: Բարձր մակարդակով կարծես թե ասվում է, որ Եվրոպան մեր քաղաքակրթական ընտրությունն է: Սակայն այդ կուսակցության մի շարք հայտնի անդամներ եւ կողմնակիցներ, ինչպես նաեւ լրատվամիջոցներ, այդ տեսակետը կարծես թե չեն կիսում: Դա հավանաբար պետք է համարել հայկական ժողովրդավարության առանձնահատկություններից մեկը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: