«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստի հրապարակումը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։

Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, քանզի ՀՀ քաղաքացին պարտավոր է տեղեկացված լինել Համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին և այն հնարավորություններին, որոնք ընձեռվելու են դրա ստորագրումով։

Անհրաժեշտ ենք համարում, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ՀՀ ապագայով մտահոգ քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը գործադրեն բոլոր ջանքերը, լինեն հետևողական, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի։

Համոզված ենք, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի մեր երկրի քաղաքական, քաղաքացիական, արդարադատության, կրթական-մշակութային, էներգետիկ և տնտեսական ոլորտների բարելավմանը, նաև կխթանի պետական ինստիտուտների նկատմամբ հասարակական վերահսկողության բարձրացմանը, ինչը ժողովրդավարության անքակտելի բաղադրիչն է։

Համաձայնագրի ստորագրմամբ նաև արդյունավետ հարթակ կստեղծվի վիզաների ազատականացման գործընթացի համար։

Այս համաձայնագրով ՀՀ-ին հնարավորություն կընձեռվի իր մասնակցությունն ունենալու ԵՄ քաղաքականության ձևավորման վրա։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լիահույս է, որ Համաձայնագրի ստորագրման գործընթացում չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ և նոյեմբերին՝ Արևելյան Գործընկերության գագաթաժողովի ընթացքում, այն վերջնականապես կհաստատվի՝ դառնալով ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու համար նոր հնարավորությունների և զարգացման խթան։

Վերահաստատում ենք մեր աջակցությունն այս գործընթացին և կոչ անում ՀՀ-ին և ԵՄ-ին հետևողական լինել թե՛ ստորագրման գործընթացի և թե՛ դրանից հետո համաձայնագրով հանձնառված պարտավորությունների իրացման գործում։

«Ազատ դեմոկրատներ »կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս