«3-րդ օրն է, բոչկի մեջ կրակը վառած, կողքերը նստած ենք». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում հոկտեմբերի 22-ին բռնկված հրդեհի հետեւանքով 10 ընտանիք անօթեւան է դարձել: Այրված երկհարկանի շենքի բնակիչներից մեկի դուստրը՝ Սուսաննան, armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Արմավիրի քաղաքապետարանն իրենց առաջարկել է բնակարաններ վարձակալել 6 ամսով, որի դիմաց քաղաքապետարանը կվճարի: Այդ ընթացքում էլ խոստացել են բնակարանով ապահովել:
«Պալատկա են տվել, որ վրանների տակ մնանք, առանց ծածկոցների: Քաղաքապետարանն է տվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ մյուսներն է՞լ են նույն իրավիճակում, թե կան մարդիկ, որ, օրինակ, իրենց բարեկամների տներում են գիշերում, Սուսաննան պատասխանեց. «Ոչ մեկը բարեկամի տունն էլ չի: Էս 3-րդ օրն է, բոչկի մեջ կրակը վառած, կողքերը նստած ենք»:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետարանը հրդեհի հաջորդ օրը բնակիչներին 60 հազարական դրամ էր հատկացրել: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այժմ արձակուրդում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: