ՀՀ քաղաքացին որոշել է հանձնվել Ադրբեջանին. նա մեղադրում է Վլադիմիր Գասպարյանին. «ՀԺ»ին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում:

Մենք հոկտեմբերի 20-ին ներկայացրել էինք Գեւորգյանի պատմությունը: Վերջինս հայտնել էր, որ 2014 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում խաբեությամբ ՀՀ երկու քաղաքացի իրենից 3100 ԱՄՆ դոլար գումար են հափշտակել, իսկ Բաթումի քաղաքում իր դեմ մահափորձ է կատարվել: Անդրանիկ Գեւորգյանը Վրաստան էր մեկնել ավտոմեքենա գնելու նպատակով, որտեղ էլ հանցագործության մասին հաղորդում է տվել: Վերադառնալով Հայաստան, բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել: Այդ ընթացքում էլ իրեն սպանելու սպառնալիք են տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում:

Գլխավոր դատախազության դիմաց Անդրանիկ Գեւորգյանը եկել էր փաստաթղթերի տրցակով, որտեղ հատ-հատ ցույց տվեց իրավապահների կողմից ստացած պատասխանները:

«Վլադիմիր Գասպարյանը տեղյակ լինելով, որ իր քաղաքացին իրեն հայտնում է, որ ես նման երկրում սպառնալիքի տակ ապրել այլեւս չեմ կարող, ստիպված Բաքվից քաղաքացիություն եմ խնդրելու, նույնիսկ այդ դեպքում թքած ունի իմ իրավունքները պաշտպանելու վրա»,- ասաց Անդրանիկ Գեւորգյանը: Վերջինս իր մտադրության մասին, իր իսկ պնդմամբ, իրավապահներին տեղեկացրել է:

«Ես եկել եմ այն եզրակացության, որ ես ավելի լավ է գտնվեմ Բաքվում՝ գերության մեջ, քան իմ երկրում Վլադիմիր Գասպարյանի՝ Օսմանյան կասրության օրենսգրքի սպառնալիքների տակ»,- ընդգծեց Անդրանիկ Գեւորգյանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս