Գրագողություն չանել, մազերն ու հագուստը լինեն մաքուր. ԵՊԲՀ սովորողների վարքագծի կանոններ. «ՀԺ»

Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մշակվել են սովորողների վարքագծի կանոններ: Դրանք հաստատվել են ռեկտորի հրամանով եւ ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից:

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ հրամանով սահմանվում են սովորողների հիմնական իրավունքները, ինչպես նաեւ պարտականությունները միջանձնային հարաբերություններում, ուսումնական գործընթացում,  համալսարանից դուրս հարաբերություններում: Միաժամանակ սահմանվում են կարգապահական պատասխանատվության տեսակները, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:

Բուհի պաշտոնական կայքէջում հրապարակված վարքագծի կանոնների համաձայն՝ սովորողների իրավունքները սահմանափակվում են վեց կետով: Պարտականությունների շարքը կարծես անվերջ է:

Դրանց թվում ներառված են հետեւյալ պահանջները.

-հարգել Համալսարանի աշխատողների, սովորողների, պրակտիկայի ընթացքում բուժաշխատողների, այլ աշխատողների, պացիենտների պատիվն ու արժանապատվությունը, ցուցաբերել հարգալից, բարեկիրթ վերաբերմունք ուսումնառության ողջ ընթացքում,

-բացառել դասերին կամ ընդմիջումներին միջանցքներում աղմկելը, լսարաններում անցուդարձ կատարելը կամ լսարարանների դռները անհարկի բացելը,

-բացառել գրագողությունը կամ այլ անձի կողմից կատարված ուսումնական, գիտական աշխատանքների ներկայացումը որպես իր կողմից կատարված,

-բացառել գիտելիքների ստուգման գործընթացներում՝ ա. ուրիշ սովորողի փոխարեն ներկայանալը կամ մասնակցելը կամ բ. սեփական անձի փոխարեն այլ սովորողի (անձի) ներկայանալուն ուղղված գործողություններ կատարելը,

-բացառել ուսումնական գործընթացին, ներառյալ բժշկական հաստատություններ ալկոհոլային խմիչքներ կամ թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում ներկայանալը,

-Համալսարանի հետ կնքված պայմանագրին համաձայն սահմանված կարգով և ժամկետում վճարել ուսման վարձը,

-Համալսարանի տարածքում նկարահանումներին մասնակցելիս նախապես ստանալ Համալսարանի իրավասու անձի թույլտվությունը:

Սովորողը պարտավոր է Համալսարանում պահպանել նաեւ հագուկապին եւ անձնական հիգիենային ներկայացվող պահանջները: Օրինակ՝

ա.հագուստը պետք է լինի մաքուր, պատշաճ վիճակում, արգելվում է կրել սպորտային համազգեստ,

բ.մազերը պետք է լինեն մաքուր և հարդարված,

գ. պետք է պահպանվի անձնական հիգիենան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս