Լվովյան փողոցում երկու մարդատար ավտոմեքենա է բախվել. քաղաքացին արգելափակվել է
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու մարդատար ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է էլ. սյանը, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 23 MA 023 պետհամարանիշի (վարորդ՝ Յ. Գ.) և «ՎԱԶ 21010» մակնիշի 34 SM 620 պետհամարանիշի (վարորդ՝ 1981 թ. ծնված Հ. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շարունակելով ընթացքը՝ հարվածել է էլ. սյանը և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հ. Պ.-ը և ուղևոր` 1978 թ. ծնված Ք. Պ.-ը հոսպիտալացվել են «սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և երթևեկելի գոտուց հեռացրել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլ. սյունը: