«Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան
Ռուսաստանցի հայտնի տնտեսագետ, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը «Վեդոմոստի» թերթին վերջերս տված իր հարցազրույցում պատմել էր իր և Տարոն Աջեմօղլուի հետ զրույցի մասին։ Նա ասել էր, որ համաձայն է Աջեմօղլուի պնդման հետ, որ տնտեսական զարգացումը պայմանավորված է ինստիտուտների կայացածությամբ և որակով։ «Սակայն մեր վեճի առարկան հետևյալն էր՝ ինչի՞ց սկսել, ո՞րն է այն կետը, որտեղից սկսվում է շարժումը այլ ուղեծրով»,- պատմում էր Աուզանը։
Ալեքսանդր Աուզան՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետականհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ նախագահին կից տնտեսականխորհրդի անդամ։
Աջեմօղլուն լուծումը տեսնում է քաղաքականության մեջ. այսինքն՝ գնալ ժողովրդավարացման ուղիով։ Սակայն Աուզանը գտնում է, որ այդ ճիշտ կետը քաղաքականության մեջ չէ։ «Որովհետև հաշվարկված է. եթե դուք գնում եք ժողովրդավարացման՝ վատ տնտեսական ինստիտուտների, չաշխատող դատարանների և օրենքի գերակայության բացակայության պայմաններում, ապա կստանաք վատթարացում»,- ասում է Աուզանը։
Իսկ մյուս կողմից՝ հնարավո՞ր է ունենալ աշխատող ինստուտներ և արդյունավետ դատաիրավական համակարգ՝ առանց ժողովրդավարության։ Հենց այս հարցով սկսեցինք մեր հարցազրույցը Ալեքսանդր Աուզանի հետ։
– Իհարկե, ժողովրդավարությունը (այսինքն՝ քաղաքական հասուն ինստիտուտների գործունեությունը) և տնտեսական զարգացումը փոխկապակցված են։ Սակայն դա պարզ կապ չէ. կան որոշակի հաջորդականություններ։ Ռուսաստանյան (Վ. Պոլտերովիչ, Վ. Պոպով) և արևմտյան (Թ. Պերսոն, Գ. Տեբելլինի) տնտեսագետների աշխատանքները ցույց են տալիս, որ ժողովրդականացումը (դեմոկրատիզացիա) կարող է դրական տնտեսական էֆեկտներ ապահովել միայն որոշակի ինստիտուտների առկայության դեպքում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գրագետ բյուրոկրատիային և աշխատող դատական համակարգին։
Այս ինստիտուտների բացակայության դեպքում ժողովրդականացումը ունենում է բացասական տնտեսական հետևանքներ։ Այդ իսկ պատճառով հարցն այն է, թե ինչպես կառուցել հաջորդականությունը՝ քաղաքական և տնտեսական ինստիտուտների զարգացման մեջ։ Պետք է սկսել գրագետ բյուրոկրատիայից և աշխատող դատական համակարգից, հետո անցնել ժողովրդականացմանը և նոր միայն գնալ ավելի բարդ ինստիտուտների կառուցմանը։
– Հայաստանի կառավարությունը առաջիկա տարիների համար տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ է նպատակադրում։ Դուք Ռուսաստանի համար ասում էիք, որ աճի ցանկալի տեմպերը զրոյից մի քիչ են բարձր, առավելագույնը՝ 2%։ Ավելին, դուք ասում եք, որ զգում եք լճացման հոտը։ Որքանո՞վ է հիմնավորված մեր լավատեսությունը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության խորը կախվածությունը Ռուսաստանից։ Ու եթե Ռուսաստանում թույլ տնտեսական աճ է, Հայաստանում և ԵԱՏՄ մյուս երկրներում հնարավո՞ր է բարձր տնտեսականաճ։
– Տնտեսական աճի տեմպերի հետ կապված հարցերը այդքան միանշանակ չեն։ Այո, ներկա դինամիկայով Ռուսաստանում ամենայն հավանականությամբ կգրանցվի 2% տնտեսական աճ։ Սակայն հենց դրա համար են նոր ռազմավարություններ մշակվում, որպեսզի այդ միտումը հաղթահարենք և դուրս գանք աճի ավելի բարձր տեմպի վրա։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն նախագծին, որը մշակում է Ռազմավարական մշակումների կենտրոնը՝ Կուդրինի գլխավորությամբ։
Մի կողմից, տնտեսական աճի շեղումը կարող է ավելի մեծ լինել, քան ենթադրվում է ներկայիս կանխատեսումներով։
Մյուս կողմից, իրոք, ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կարող են աճի բարձր տեմպեր ցուցաբերել անգամ Ռուսաստանի տնտեսության կողմից սահմանափակումների պարագայում։ Որովհետև, նախ, այդ տեմպը արտահայտում է աճը՝ որոշակի բազայի համեմատությամբ, և այդ իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի, քան ավելի բարդ և զարգացած տնտեսությունները։ Եվ երկրորդ, Եվրասիական տնտեսական միության ներսում նույնպես մրցակցություն է գնում, և ովքեր հաջող են մրցակցում, կարող են ավելի արագ աճել, քան մյուսները։
Այնպես որ, այո, Հայաստանի տնտեսության 5%-անոց աճը տեսականորեն հնարավոր է։
– Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՏՄ-ի արդյունավետությունը՝ զուտ տնտեսական տեսանկյունից։ Հայաստանում մինչ օրս վիճում են այն հարցով, թե ինչ է մեզ տվել այդ կառույցին անդամակցելը։ Ձեր կարծիքով, ինչ են շահում անդամ երկրները, և կոնկրետ Հայաստանը` չունենալով ընդհանուր սահման ԵԱՏՄ մյուս երկրների հետ, կարո՞ղ է տնտեսական օգուտներ ստանալ։
– ԵԱՏՄ-ի արդյունավետության հետ կապված՝ դա բավականին նուրբ և բարդ հարց է։ Սակայն ես որոշ չափով համոզված եմ, որ այդ կառույցը ապագա ունի՝ մի պարզ պատճառով։ Աշխարհում լինում են միավորման և «փախուստի» փուլեր։ Իմ կարծիքով, մենք այսօր ապրում ենք գլոբալիզացիայի արտահոսքի ժամանակաշրջանում, երբ ամենուր ձևավորվում են տարածաշրջանային դաշինքներ։ Այդ դաշինքներից դուրս գոյատևելը դժվար կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Այո, ԵԱՏՄ-ի ներկայիս սխեման այսօր, մեղմ ասած, շատ արդյունավետ չէ։ Սակայն այդ ինտեգրեցիայից դուրս գտնվելն էլ վատ կլինի։
– ԵԱՏՄ անդամակացության հնարավոր օգուտների թվում նշվում է նաև այն, որ Հայաստանը կարող է կամուրջի դեր կատարել այդ կառույցի երկրների (մասնավորապես, Ռուսաստանի) և երրորդ երկրների միջև։ Որքանո՞վ է դա իրատեսական։
– Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե Հայաստանի տնտեսական առումով ինչպես կարող է կամրջի դեր կատարել ԵԱՏՄ և այլ երկրների միջև։ Սակայն հասկանում եմ, որ այդ գաղափարի հիմքում կարող է լինել հայկական սփյուռքի պատմական դերը համաշխարհային տնտեսության զարգացման մեջ։
Այո, հայկական սփյուռքը անկասկած ապացուցել է տարբեր երկրների միջև միջնորդություն և կապեր հաստատելու իր ունակությունը։ Եվ եթե սփյուռքը իր այդ ունակությամբ ներգրավվի ԵԱՏՄ այդ դրական գործընթացի մեջ, դա իսկապես նոր հնարավորություն կլինի միության համար։
– Ի՞նչ եք կարծում, ԵԱՏՄ-ում միասնական արժույթ կներդրվի՞։ Որքանո՞վ է դա նպատակահարմար (կամ՝ ընդհանրապես պե՞տք է, թե՞ ոչ) և երբ դա կարող է տեղի ունենալ։
– Եթե անգամ ԱՏՄ-ում միասնական արժույթ ներդրվի, չեմ կարծում, որ դա շուտ տեղի կունենա։ Դա պահանջում է փոխվստահության և ինտեգրացիայի այնպիսի մակարդակ, միության կայացման այնպիսի ակնհայտ տնտեսական հաջողություններ, որոնց, իմ կարծիքով, առաջիկա տասնամյակների ընթացքում մենք չենք հասնի։ Սակայն տեսականորեն չէի բացառի միասնական արժույթի ներդրումը տնտեսական ինտեգրացիայի այս կամ այն էտապում։
– Վերջում մի այսպիսի հարց՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պետական համակարգ է եկել բիզնեսից, ինչպես և իր կողմից նշանակված նախարարներից ոմանք։ Հայաստանում շատերը կարծում են, որ եթե այդ մարդիկ մասնավոր հատվածում հաջողակ կառավարիչներ են եղել, ուրեմն պետական համակարգում նույնպես արդյունավետ կլինեն։ Փոլ Կրուգմանը, օրինակ, կարծում է, որ երկիրը ընկերություն չէ, և լավ գործարարը կարող է ձախողվել մակրոտնտեսական հարցերում։ Դո՞ւք ինչ կարծիք ունեք։
– Փորձը, որով մարդը գալիս է երկրի տնտեսությունը կառավարելու, կամ ավելի ճիշտ՝ տնտեսական քաղաքականությունը մշակելու (որովհետև տնտեսության կառավարում ուղղակի իմաստով իրականացվել է խորհրդային ժամանակներում, երբ տնտեսությունը պետական էր, որոշումներն էլ ընդունվում էին կենտրոնացված ձևով) կարևոր է, սակայն բավարար չէ։
Մարդիկ գալիս են տարբեր ոլորտներից, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի անպատրաստ է դրան։ Տեսաբանը, որը հասկանում է, թե ինչպես է աշխատում մակրոտնտեսությունը ազգային մակարդակում, կարող է չտիրապետել կազմակերպչական մեխանիզմներին։ Քաղաքական գործիչը, որը գիտի՝ ինչպես համաձայնության գալ տարբեր ուժերի հետ, կարող է չհասկանալ մակրոտնտեսության բանաձևերը։ Գործարարը, որը հասկանում է՝ ինչպես կառավարել և հավասարակշռությունների հասնել, դա անում է ընկերության մակարդակով, ոչ թե երկրի։ Այնպես որ, ցանկացած դեպքում դրա համար անհրաժեշտ է տաղանդ, լրացուցիչ ուսուցում և մեծ ջանքեր։