Բաժիններ՝

«Մենք այսօր էլ պատրաստ ենք գնել իրանական գազ, եթե դրա գինը պակաս կլինի ռուսական գազի գնից». նախարար

Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ խոսելով Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու հարցի մասին: Ինչպես հաղորդում է aysor.am-ը, նա նաև նշեց, թե գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ-երկու տարվա համար, դրանք պետք է լինեն երկարաժամկետ։

«Իրանի հետ այսօր ունենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար։ Այդ ծրագրից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, այն պետք է լինի և շարունակվում է»,- ասաց նա։

Ա. Մանուկյանի խոսքով՝ 2019 թվականին շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։

«Այն ծավալը, որ մենք կներկրենք այս գործարքի շրջանակում, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը։ Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներով»,- ասաց նա։

«Մենք այսօր էլ պատրաստ ենք գնել իրանական գազ, եթե դրա գինը պակաս կլինի ռուսական գազի գնից»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Իրան-Հայաստան գազամուղը ֆիզիկապես ավարտվում է Արարատում։ Հետևաբար, ըստ նախարարի, Արարատում պետք է գազի այնպիսի ճնշում ապահովել, որ այդ գազը գնարավոր լինի հասցնել Վանաձոր և Գյումրի։ Իսկ իրանական կողմում այդպիսի կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը։

«Եթե այսօր նույնիսկ այդ գազը վերցնենք էլ, ֆիզիկապես չենք կարող հասնել Վանաձոր և Գյումրի», – ասաց Ա. Մանուկյանը։

Նախարարի խոսքով՝ իրանական և ռուսական գազերի միջև ջերմատվության տարբերություն էլ կա.

«Եթե համեմատենք միջին ջերմատվությունը, դրանք զգալիորեն տարբեր են։ Ռուսական գազի ջերմատվությունն ակնհայտորեն շատ ավելի բարձր է իրանական գազից»։

Ինչ վերաբերում է Թուրքմենստանից գազ գնելու հնարավորություններին, նախարարն ասաց, թե այդ հարցի շուրջ բանակցություններ չեն վարվել, եղել են քննարկումներ.

«Քննարկումները վերաբերել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը՝ Իրան-Թուրքմենաստան պարտքային պարտավորությունների կարգավորման սխեմաներով։ Սպասում ենք ժամկետների հստակեցմանը։ Թուրքմենստանից գազի գնումը այս պահին քննարկվում է զուտ այս ձևաչափի շրջանակում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս