«Ծնված 1 երեխան պետության վրա նստում է 12 մլն դրամ». Առողջապահության ոլորտում 2018-ին ծրագրեր են փոխվելու
Առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կրճատվելու են 4.8 մլրդ դրամով` այս տարվա համեմատ: Այսօր Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի առողջապահության ոլորտի ծախսերի նախնական քննարկման ժամանակ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը հայտարարեց, որ ընդհանուր հատկացումները կկազմեն 72.5 մլրդ դրամ (առանց վարկերի):
«Կրճատումն ընդհանուր բյուջետային կրճատման շարունակությունն է: Ընդհանուր մոտ 6% կրճատվել է՝ ի հաշիվ կապիտալ ծախսերի, և բաշխումն արվել է՝ ըստ ներքին առաջնայնության: Կան ավելացված ծրագրեր, կան պակասեցված»,- ասաց նա:
Ըստ նրա` դեղերի տրամադրման համար կհատկացվի 4.2 մլրդ, որի միայն մի մասն է բաժին ընկնում Առողջապահության նախարարությանը, մեծ մասը Պաշտպանության, Ոստիկանության, ԱԻՆ-ինն է:
Փոխնախարարը նշեց, որ առաջնային օղակում ավելի թափանցիկ կլինեն ծախսերը, և մշակվում է մեխանիզմ, որ գումարը հատկացվի ոչ թե մատուցված ծառայությունների քանակով, այլ որակով:
«Առողջապահության ոլորտում շատ դժվար է հսկել ծախսերը»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե սրտի վիրահատությունների հարցն ինչ է լինելու, քանի որ պետության հաշվին ստենտավորում էր արվում, այս փոփոխությունը գործնականում քաղաքացու համար ի՞նչ է ենթադրում: Նա մտահոգություն հայտնեց, որ երեխաների ատամնաբուժական կանխարգելման ծառայությունները, անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրերը փակվել են:
«Սրտի մասով եթե չենք լավացրել, չենք էլ վատացրել: Բայց սրտի ծրագրում մեկ բյուջետային տող ունենալը սխալ էր»,- ասաց Ս.Մարգարյանը` նշելով, որ բյուջետային միջոցները բաժանվել են 4 ծրագրերի միջև, իսկ ստենտները, ինչպես եղել են այս տարի, կլինեն նաև հաջորդ տարի: Նա բացառեց կեղծելու դեպքերը, քանի որ անգամ արդեն տեղադրված ստենտը կարելի է ստուգել շտրիխ կոդով:
Փոխնախարարը պարզաբանեց, որ կա երեխաների ատամնաբուժական օգնության, կա նաև կանխարգելման ծրագիր, և վերջինիս վրա 80 մլն դրամ էր ծախսվում, բայց ապացուցված չէ, որ այն արդյունավետ է: Նա նշեց, որ մինչև 7 տարեկան երեխաներին անվճար բուժօգնությունը շարունակվելու է:
«Անպտուղ զույգերի ծրագրին տարեկան 78 մլն դրամ էր հատկացվում, սակայն արդյունավետությունը` ծնված 1 երեխան պետության վրա նստում է 12 մլն դրամ»,- ասաց Ս.Մարգարյանը` հավելելով, որ այս ծրագրի թիրախային խմբեր են հանդիսացել սահմանային անապահով բնակիչները, բայց ծրագիրն անգամ շահառու չէր ունեցել, շատ քիչ է պահանջարկը:
Սակայն, նկատեց Ն.Փաշինյանը, պատգամավորների մոտ այդ խնդրի մասին նամակները շատ են:
«Այս փուլում արդյունավետության նկատառումներից ելնելով՝ փակվել է»,- կրկնեց փոխնախարարը: