Դատարանում գործերը նշանակում են արդեն 2019 թվականին… ինչ է առաջարկում կառավարությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը մեկ նպատակ է հետապնդում՝ բեռնաթափել դատարանները՝ հնարավորություն ընձեռելով ավելի արագ իրականացնել գործերի լսումը։ «Այսօր վարչական վերաքննիչ դատարանի վիճակն այնպիսին է, որ շատ գործեր նշանակվում են արդեն 2019թ. համար։ Առաջարկության էությունը հետևյալն է՝ վարչական դատարանում կրճատել դատավորների թիվը 3-ով և 3-ով ավելացնել վերաքննիչ դատարանում, այսինքն՝ մեկ դատական կազմով»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Բացի այդ՝ առաջարկվում է սահմանել, որ  Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը:

«Սա, իհարկե, ինքնին ամբողջովին չի լուծում հարցերի ողջ սպեկտրը։ Այդ առումով բավական շատ մեխանիզմներ են նախատեսված Դատական օրենսգրքում, որոնց նպատակը սա է լինելու։ Առանձին էլեկտրոնային համակարգերի ներդրումը ևս պետք է լուծի այդ հարցը, մասնավորապես՝ էլեկտրոնային դիմումներ, հայցեր ներկայացնելու համակարգը։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ ներկայումս տարվում են, սակայն սա առաջնահերթ խնդիր է, ուստի առաջարկում եմ անհետաձգելի ճանաչել օրենքների այս փաթեթը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս