Մինչև 5 տարվա ազատազրկում՝ բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ քրեականացնելով բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելը։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

 Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը։ «Նախագծի ընդունման դեպքում կերաշխավորվի բուժաշխատողների օրինական շահերի պաշտպանությունը»,- ասաց նախարարի տեղակալը։

 

Տեսանյութեր

Լրահոս