
Ճապոնացի խոհարարը սուրճ է պատրաստել սխտորից

Ճապոնացի գյուտարար-խոհարար Յոկիտոմո Սիմոտային սուրճ է պատրաստել սխտորից, որի մեջ կոֆեին չկա: Այդ մասին հայտնել է The South China Morning Post-ը: 74-ամյա տղամարդու խոսքով, որը Աոմորի պրեֆեկտուրայում ռեստորանի սեփականատեր է եղել, ըմպելիքի ստեղծմանն օգնել է 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքը:
Սիմոտային մսի կտոր էր պատրաստում սխտորով, իսկ հետո բույսի տապակված մասերի վրա տաք ջուր է ավելացրել: Համտեսելով ստացված խառնուրդը՝ նա զարմացել է դրա՝ դառը սուրճ հիշեցնող համից: Անցնելով կենսաթոշակի` խոհարարը շարունակել է աշխատել ապագա ըմպելիքի վրա՝ փորձելով գտնել «սխտորի» սուրճի պատրաստման լավագույն եղանակը:
Թեեւ ըմպելիքը համապատասխան յուրահատուկ համ ունի, այն, խոհարարի կարծիքով, բերանի տհաճ հոտ չի առաջացնում, նախընտրելի է հղի կանանց եւ նրանց համար, ովքեր խուսափում են կոֆեին օգտագործելուց: «Սխտորի» սուրճի վաճառքներն սկսվել են հարեւան Իվատե պրեֆեկտուրայում: