Բաժիններ՝

«Գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել. մորթողներն ավելի շատ գումար են աշխատում, քան գյուղացին». Վարդան Ղուկասյան

Այսօր սպանդանոցների հարցով Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել:

– Ինձ հետաքրքրում է մի քանի հարց: Արդյոք հանդիպմանը Գյումրիից ներկայացե՞լ են սպանդանոցի կառուցման կապակցությամբ: Անցած անգամ խորհրդատվության ժամանակ ցանկը նայեցի, ցավոք սրտի, Գյումրին մեջն ընդգրկված չէր: Ասացին, որ պրոբլեմ չկա, եթե ցանկություն հայտնողներ լինեն Գյումրուց՝ մենք կընդառաջենք: Երկրորդ հերթին՝ մի քիչ ինֆորմացիայի պակաս կա, մարդիկ տեղյակ չեն, որ կարող են սպանդանոցներ կառուցել: Քաղաքում նմանատիպ խոսակցություններ լսել եմ, որ ինֆորմացիայի պակաս կա: Երրորդը՝ սեփականատերը. ինքն ազա՞տ է թողնված, որ մորթի սակագինն ինքն է որոշելու, և մենք չե՞նք մտածում, որ կարող է շատ թանկ գումարներ ներկայացնեն սեփականատերերը: Էսօր գյուղացին ղասաբների ձեռքը կրակն է ընկել՝ մորթողներն ավելի շատ գումար են աշխատում, քան գյուղացին: Սեփականատերն ասում է՝ ես այսքան գումար եմ ծախսել, այսքան գումար պետք է լինի, ուզում եք՝ իմ մոտ մորթեք, ուզում եք՝ ոչ:

Բացի դրանից, Գյումրիում 70000 աշխատատեղ կար, բանվորներ էին աշխատում, ցավոք սրտի, հիմա 1000-ի էլ չի հասնում: Պատկերացրեք, մեծամասամբ զբաղվում են անասնապահությամբ: Ի՞նչ է ստացվում, մորթելու համար պետք է կենդանուն բառնան մեքենա, տանեն Աշոցք, Ամասիա, Արթիկ, որ կարողանան այդ աշխատանքը կատարե՞լ: Պետությունը պետք է լուրջ դերակատարություն ունենա, որոշակի ժամկետ տա, ինքը նպաստի կամ ինչ-որ մի բան անի,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն էլ նշեց, որ Գյումրիում մեկ սպանդանոց է հաշվառված՝ «Տոլիգրուպ» ՍՊԸ-ին է պատկանում:

– Մենք այցելել ենք սպանդանոց, քննարկել, նայել ենք: Նախատեսվում է տվյալ սպանդանոցի կարողությունների վերագործարկում: Ներկայումս սեփականատերը տարբեր մարդկանց հետ քննարկում է, թե որտեղից ներդրումներ ներգրավեն: Կարծում եմ՝ պարտադիր պայմանն ուժի մեջ մտնելուն պես՝ կգործարկվի: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ներկայացվել է՝ թե´ Աշոցքում, թե´ Ամասիայում մասնակիցները նախատեսում են հիմնել սպանդանոցային կարողություններ և ստեղծել սպանդանոցներ: Ինչ վեաբերում է՝ ով կարող է բացել, և գնային քաղաքականությանը, այս մասով՝ ես չեմ կարծում, որ մենք իրավասու ենք միջամտել, քանի որ մեր խնդիրն է՝ անվտանգության, մորթին ներկայացվող պայմաններն ապահովելը:

Բայց ես կարծում եմ՝ շուկան լինելու է բավական մրցակցային, այս տեսանկյունից սպանդանոցները և դրանց սեփականատերերն ընտրելու են ավելի մրցունակ գին՝ կախված տարածաշրջանից: Ավելացնեմ, այսօր բակային մորթի պայմաններում կենդանիները պետք է պարտադիր անցնեն անասնաբուժասանիտարահիգիենիկ փորձաքննություն: Սպանդանոցներն այդ փորձաքննությունը տեղում իրականացնում են, և արդեն փորձաքննված միս ենք ուղարկում վաճառքի, որի համար մենք դուրս ենք գրում համար 5-րդ ձևը: Սա նշանակում է՝ այս տեսանկյունից վաճառողի համար ինքնարժեքի մեջ նվազում կլինի,- հայտարարեց Իշխան Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի նկատառմանը, Իշխան Կարապետյանը նշեց.

– Ես էլ եմ կիսում այդ տեսակետը, որ տարբեր տարածքներում մորթ իրականացնողներն իրենք են մորթում ու ավելի շատ գումար են վաստակում, քան գյուղացիները: Տվյալ պարագայում սպանդանոցների և սպանդանոցային կարողությունների առկայությունը հնարավորություն կտա կենդանու սեփականատիրոջը՝ սպանդանոցի ծառայություններից օգտվել, մորթը կազմակերպել, և իրենց կենդանու մատակարարմամբ զբաղվել: Ինչ վերաբերում է հարցին՝ եթե կան ցանկացողներ, ովքեր ուզում են Գյումրիում բացել կամ ՀՀ որևէ այլ տարածքում, դա իրենց իրավունքն է, սահմանափակում չկա:

Նշեմ որ սպանդանոցների նախագծման, անվտանգության գոտու ապահովման վերաբերյալ կան պահանջներ: Եթե բիզնեսմենը գտնում է, որ դա նպատակահարմար է, ապա ինչո՞ւ ոչ, թող ներդրում կատարի և բացի: Կարող են դիմել՝ երկրորդ փուլով այս ծրագրին մասնակցելու: Այս փոփոխությունը չափազանց կարևոր նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է տեղեկատվության պակասին, Ի. Կարապետյանի խոսքով՝ բոլորի համար շատ դժվար է այն հասանելի դարձնել.

– Մեր կայքում բազմաթիվ հրապարակումներ ենք տեղադրում, մարզերում հանդիպումներ ենք ունենում և պարզաբանումներ տրամադրում մարդկանց, ովքեր ուզում են հիմնել սպանդանոցներ: Ես վստահ եմ, որ օրենքի նախագծի քննարկումը կարևոր է:

Իշխան Կարապետյանի խոսքից հետո Վարդան Ղուկասյանը հակադարձեց՝ ասելով, որ պատասխանն իրեն չի բավարարում, հարցը կրկին քննարկման կարիք ունի:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս