
Forbes-ը Ջոան Ռոուլինգին ճանաչել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, Forbes հանդեսի վարկածով, դարձել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հայտնին։
Հրատարակության գնահատումների համաձայն, Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է ավելի քան 95 մլն դոլար (նախքան հարկային պահումները եւ միջնորդավճարները): Նա ամենաբարձր վարձատրվող կին գրողն է աշխարհում եւ երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes-ի՝ ամենահարուստ հայտնիների համաշխարհային վարկանիշում: Նշված ժամանակաշրջանում նրան հիմնական եկամուտը բերել է «Հարրի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսը:
Եկամուտների մակարդակով Եվրոպայում երկրորդը դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը վերջին մեկ տարվա ընթացքում 93 մլն դոլար է վաստակել իսպանական ակումբի հետ նոր համաձայնագրի, ինչպես նաեւ բազմաթիվ գովազդային պարտավորագրերի շնորհիվ:
Երրորդ տեղում հայտնվել է Coldplay բրիտանական խումբը՝ 88 մլն դոլար վաստակով: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է նրանց հայրենակից Ադելը. երգչուհին տարվա ընթացքում վաստակել է 69 մլն դոլար:
Ինչպես նշում է Forbes-ը, Ռոուլինգը եւ Ադելը միակ կանայք են իր վարկանիշի թոփ-20-ում, որն 84 տոկոսով բաղկացած է տղամարդկանցից:
Եվրոպայի 20 ամենաբարձր վարձատրվող հայտնիներն ընդհանուր առմամբ 1,06 մլրդ դոլար են վաստակել վերջին 12 ամսվա ընթացքում: Նրանցից 12-ը ներկայացնում են Մեծ Բրիտանիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: